Եթե ՔՊ գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
12:10 10/02/2026
Հայաստան

Եթե ՔՊ գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել. Մեսրոպ Մանուկյան

«Պարոն Ավինյան, ու այսքանից հետո Դուք ուզում եք, որ ավագանին լո՞ւրջ վերաբերվի Ձեզ, կամ սիրում եք ասել, կառուցողական ընդդիմություն...»,-Երևանի ավագանու ընթացող նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի ներկայացմանը։

Ավելի քան 200 էջանոց փաստաթուղթն ավագանու անդամներին ուղարկվել է 2-3 օր առաջ։ Նախագծի զեկուցողը քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն էր, նա ասաց՝ համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում:

«2021 թվականի ապրիլի 20-ին Երևան համայնքի ավագանու հ. 368-Ա որոշմամբ Երևանը միացել է Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը, որի շրջանակում մշակվել է Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (SECAP), որը սահմանում է Երևանի քաղաքապետարանի կողմից մինչև 2030թ. իրականացվելիք այն միջոցառումները, որոնք թույլ կտան նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով՝ ելակետային տարվա (2012թ․) արտանետումների ծավալների համեմատ»,-նշեց զեկուցողն ու ավելացրեց, եթե ծարագիրը հաստատվի, ապա քաղաքապետարանը ծախսատար ու լայնածավալ ծրագրեր իրականացնելիս կարող է դիմել տարբեր դրամաշնորհային ծրագրերի։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Տիգրան Պետրոսյանն ընդգծեց՝ 250 էջանոց փաստաթուղթն օրեր առաջ են ստացել։

«Հիմա դուք ի՞նչ եք ակնկալում՝ բովանդակային քննարկո՞ւմ, թե՞ իմիտացիա»-հարցրեց ավագանու անդամը։

Սիրարփի Հայկազյանն ասաց, ծրագիրը ներկայացնում է զարգացման ծրագրում առկա միջոցառումները, կարծիք հայտնեց, որ բովանդակային, խիստ մասնագիտական ուսումնասիրման անհրաժեշտություն չա, որ որոշման ընդունմանը լուրջ խոչընդոտի։

«Սա իմ անձնական կարծիքն է, ամեն դեպքում»,-ասաց զեկուցողը։

Ի պատասխան Պետրոսյանն ասաց՝ չի ցանկանում սարկազմով հնչի, բայց գուցե հաջորդ անգամ նախագիծը ավագանու անդամներին ուղարկեն նիստից հետո։

Ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ասաց՝ խայտառակություն է զարգացման ծրագիրը, եթե զեկուցվող նախագծում այնտեղից հատվածներ են քոփի-փեստ արել, ապա հարցեր ունի։

«Եթե խոսքում եք նոր աղբավայրից, ու աղբի վերամշակման գործարանի  մասին ասում եք զրո բառ, ո՞նց այս ծրագրին լուրջ վերաբերվեմ։ Ես որպես տասը տարվա փորձ ունեցող մանկավարժ, գիտական աստիճան ունեցող, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի կարող երկու օրվա մեջ այս բարդ 250 էջանոց զեկույցի մասին մարդ խոսա, կարծիք ասի, մի հատ էլ քննարկի։ Տիգրան Ավինյան, Դուք սրանով արժեզրկում եք քաղաքապետարանը, ավագանու ինստիտուտը՝ ի դեմս Ձեզ։ Մի նեղացեք, որ ասում ենք։ Հիմա աղբի վերամշակման գործարան ինչի՞ չեք պլանավորել»,-ասաց Մանուկյանը։

Հայկազյանն ասաց՝ եթե Մանուկյանն ավելի ուշադիր հետևեր գործակարգավարական նիստերին, ապա կտեղեկանար, որ դեկտեմբերի վերջին հայտարարել են ներդրողի մրցույթ, հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 27-ն է, այդ ուղղությամբ գործողություններ են իրականացվում ազգային ու համայնքային մակարդակներում։

«Եթե ՔՊ-ի  գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել, էն Շենգավիթի ֆենոմենալ հանգույցով անցել եմ, որ արդեն կառուցել եք, Արշակունյացն էլ արդեն Իսակովին է կպել։ Ճոպանուղով էլ մեկ-մեկ բարձրանում եմ Մարաշ, հետ եմ գալիս»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ՔՊ գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել. Մեսրոպ Մանուկյան