Զաքարյանը հավատում է, Հարությունյանը՝ վստահում. 2026-ի Օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդի՝ Իլյա Մալինինի մասին
Սպորտ
13:28 11/02/2026
Աշխարհ

Զաքարյանը հավատում է, Հարությունյանը՝ վստահում. 2026-ի Օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդի՝ Իլյա Մալինինի մասին

Աշխարհի կրկնակի չեմպիոն ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը 2026 թվականի Իտալիայի Միլան քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում հաղթելուց հետո խոսել է իր ֆավորիտի կարգավիճակի մասին: Ըստ championat-ի, Մալինինը առաջատարն է 108.16 միավորով։

«Ես հանդես եմ գալիս ֆավորիտի դիրքերից, բայց ֆավորիտ լինելը մի բան է, իսկ ճնշման տակ ոսկե մեդալ նվաճելը՝ բոլորովին այլ բան: Ես դեռ որոշ աշխատանք ունեմ անելու», - Մալինինի խոսքերն է մեջբերում Golden Skate-ը։

Փետրվարի 10-ին Միլանում կայացած 2026 թվականի Օլիմպիական խաղերում գեղասահորդներն ավարտել են կարճ ծրագիրը: ԱՄՆ-ն ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Իլյա Մալինինը ցույց է տվել լավագույն արդյունքը: Նա ստացել է 108.16 միավոր:

Տղամարդկանց մենամրցումները տեղի կունենան փետրվարի 13-ին, երբ կհանձնվեն 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները։

 21-ամյա գեղասահորդ Իլյա Մալինինն ավելի վաղ Միլանի Օլիմպիական խաղերում ԱՄՆ թիմի կազմում նվաճել էր ոսկե մեդալ։ Նրա ելույթը վճռորոշ էր՝ թույլ տալով ամերիկյան թիմին զբաղեցնել առաջին տեղն ընդհանուր հաշվարկում։ Սակայն երեկոյի գագաթնակետը ոչ միայն նրա ելույթն էր, այլև հետադարձ շրջադարձի կատարումը, որը տասնամյակներ շարունակ գեղասահքում համարվում էր անօրինական։

Այս սալտոն պաշտոնապես արգելված էր գրեթե կես դար։ Այն առաջին անգամ օլիմպիական մակարդակով ցուցադրել է ամերիկացի Թերի Կուբիչկան 1976 թվականին։ Այդ Խաղերից անմիջապես հետո Միջազգային չմշկասահքի միությունը (ISU) վետո է դրել այդ սալտոյի վրա՝ այն համարելով վտանգավոր։ Արգելքը շարունակվել է մինչև 2024 թվականը, երբ սպորտի ոլորտի պաշտոնյաները վերջապես որոշել էի օրինականացնել։

Այս հաջողությունը հաստատել է Մալինինի կարգավիճակը՝ որպես աշխարհի տղամարդկանց չմշկասահքի առաջատար, ով արդեն իսկ կրում է աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը և մի քանի համաշխարհային ռեկորդներ։ 

Ամերիկացի գեղասահքի աստղ Իլյա Մալինինին նվիրված The Washington Post-ի ծավալուն հոդվածում հրատարակությունը նաև անդրադարձել է նրա սպորտային մենեջեր Արի Զաքարյանին։

«Հայ գեղասահորդ և դասական գեղասահքի հին ռուսական դպրոցի ներկայացուցիչ Զաքարյանը միավորում է գեղասահքի հին և նոր աշխարհները և վստահ է, որ Մալինինը կլինի այն մեկը, ով կհաղթահարի գեղասահքի՝ տարիներ շարունակ խճճված ավանդույթների տարածումը», - նշվում է հրատարակության մեջ։

Զաքարյանից բացի, The Washington Post-ը հիշատակել է նաև մեկ այլ հայ գեղասահորդի։ Ռաֆայել Հարությունյանը, որը հայտնի է որպես Նաթան Չենի և Միշել Կվանի մարզիչ, երկար տարիներ օգնել է Մալինինին մարզելուն։ Երբ Մալինինը դեռ պատանի էր, Հարությունյանն իր ընկերոջը՝ Զաքարյանին, ասել էր. «Գիտե՞ս, թե ով է լինելու լավագույնը։ Այս տղան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զաքարյանը հավատում է, Հարությունյանը՝ վստահում. 2026-ի Օլիմպիական խաղերի ոսկու գլխավոր հավակնորդի՝ Իլյա Մալինինի մասին