Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
16:31 11/02/2026
Հայաստան

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է:

«Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններն ու կառույցները  կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝  անելիքներով ու խնդիրներով»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական համաժողովի մասնակիցներին:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին՝  ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:

Նրա հրապարակած տվյալներով, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև  բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում  հանրակրթական դպրոցներում տարիներ  շարունակ իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության  համագործակցությունը  կշարունակվի, և կսահմանվեն այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ կրթության որակի բարելավմանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը,  տեղի  են ունեցել  ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder