Իրավիճակը պարզ կլինի, երբ երևա, թե Ադրբեջանի ունեցած ռազմական ներուժին ԱՄՆ-ի համագործակցությամբ ինչ է ավելանում. Աբրահամյան
Քաղաքական
12:00 11/02/2026
Հայաստան

Իրավիճակը պարզ կլինի, երբ երևա, թե Ադրբեջանի ունեցած ռազմական ներուժին ԱՄՆ-ի համագործակցությամբ ինչ է ավելանում. Աբրահամյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նախանշեց նաև համագործակցության քայլեր սպառազինության ոլորտում։ ԱՄՆ փոխնախագահի այցի ռազմաքաղաքական բաղադրիչի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից նոր ձեռք բերված սպառազինության գովազդման հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

Տ. Աբրահամյան-Այցի հետ կապված ռազմաքաղաքական գնահատականներ հնարավոր կլինի հնչեցնել միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ փոխնախագահի՝ Բաքվում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա գնահատենք իրավիճակը, որովհետև կան մեծ թվով հարցեր, որոնք շոշափում է, ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը՝ սկսած ԹՐԻՓՓ-ից, վերջացրած Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացով։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեզ համար կա առաջնային խնդիր՝ գերիները, ռազմագերիները, մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են ադրբեջանական բանտերում։ Թեև խոսվում է պաշտոնական թվի՝ 19 գերու, ռեզմագերու մասին, բայց իրավապաշտպանները մոտ 7-8 տասնյակ մարդու մասին են խոսում, ընդորում՝ փաստական առումով։ Մեկ այլ հարց է, որը շատ զգայուն է մեր հասարակության համար, այն անհետ կորած անձանց ճակատագրի հարց է, այդ մարդկանց թիվը հասնում է 200-ի։ Նրանց ընտանիքների անդամներն այսօր էլ մեծ պայքար են տանում, տարբեր դռներ են ծեծում, որպեսզի հասնեն իրենց ընտանիքների ճակատագրերի հետ կապված որևէ տեղեկատվության ստացմանը։ Ադրբեջանը մշտապես այս թեման խոչընդոտել է որոնողական աշխատանքների մասով։ Ակնհայտորեն կան հատվածներ, որոնք փոխանցվում է նրանց կոնկրետ աշխատանքներ իրականացնելու համրա, բայց, բնականաբար, այդ շահագրգռվածությունը չկա։

Ցավով պետք է արձանագրել, որ գերիների, ռազմագերիների հարցի, առաջին շահառուն, առաջ մղողը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը, բայց այս տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները թեև որոշակի պարբերականությամբ որոշակի երկչոտ տեքստեր արտաբերել են, բայց դրանք երբեք առաջնային օրակարգի հարց չեն դարձել, և ադրբեջանն ինքն է թեման ըստ իր առաջնահերթությունների տնօրինել։ Ստեղծված իրավիճակում, ԱՄՆ փոխնախագահի այցի համատեքստում, կա մի քանի հանգամանք։ Առաջին՝ բնականաբար, իմիջային այն հարցերը, որն ունի ԱՄՆ փոխնախագահը, մասնավորապես մեր տարածաշրջանում բավականին ակտիվ շարժեր իրականացնելու համատեքստում, և այս տեսանկյունից այն կարող է բխել նաև Միացյալ Նահանգների օրակարգից։ Երկրորդ՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում այս թեման նաև օգտագործել է այլ համատեքստում՝ փորձելով այլ երկրներին ծառայության մատուցման կամ իր հավատարմությունը ցույց տալու շրջանակներում որոշակի խմբերի հայրենադարձությունն ապահովել և այլն։ Այս թեման բացառապես մնացել է երրորդ երկրների ջանքերի կամ քմահաճույքի համատեքստում։

Ինչ վերաբերում է ներքին օրակարգային հարցերին, որոնք առնչվում են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցին, ապա քննարկված թեման դաշտում բավականին դիտարկումներ են առաջացրել։ Հատկապես էներգետիկ ոլորտում խաղաղ միջուկային պոտենցիալի օգտագործման համատեքստում, որովհետև Հայաստանում երկար ժամանակ է քննարկում կա, թե ատոմային էներգետիկան ինչպես պետք է զարգանա։ ՀԱԷԿ-ը, որը ընդհանուր էլեկտրաէներգիայի 30 %-ն է արտադրում, որոշակի փուլում պետք է կանգնի և երկար ժամանակ է քննարկում է գնում, թե ինչ ենք մենք ունենալու որոշակի հեռանկարում։ Այն, ինչ Միացյալ Նահանգներն է առաջարկում, ներդրումային առումով բավականին խոշոր թիվ է, բայց դրա հետ միասին մասնագետներն ասում են, որ աշխարհում դեռ կան քննարկումներ և դեռևս հստակ չէ, թե այն ինչ արդյունավետությամբ, իչպես կաշխատի Հայաստանի դեպքում։ Հիմնականում մեծ պետություններն են այդ ուղղությամբ աշխատում՝ Ռուսաստանը, ՄԻացյալ Նահանգները, Չինաստանը և այլն, բայց այն մոդելը, որն առաջարկվում է, գոնե մասնագետների կողմից, այնքան էլ միանշանակ չի ընդունվում։

Մի դրվագը վերաբերում էր անօդաչու թռչող սարքերին, որը ներկայացվեց։ Գործարքը 11 մլն դոլարի մասին էր, համենայն դեպս դա այդպես արտահատվեց։ Ենթադրաբար այն մեծ քանակություն չէ՝ նաև թիվը հաշվի առնելով։ Մի կողմից դժվար է միայն մի ԱԹՍ-ով բերել ռազմական համագործակցության համատեքստում գնահատականներ հնչեցնել, հատկապես, որ հունվար ամսին ԱՄՆ-ը հայտարարեց նաև Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ծրագրի մասին, որի դետալացումը չկա, բայց միգուցե արտահայտվի Ադրբեջան Վենսի այցի շրջանակներում, և դրա պայմաններում հնարավոր կլինի հասկանալ, թե իրականությանմեջՀայաստան-Ադրբեջան բալանսի առոմով 11 մլն-ը կամ առհասարակ որևէ ակնկալիքը հասարակության հաար արդյունավե՞տ է, շոշափելի՞, թե ոչ։ Որովհետև, ուզենք, թե չուզենք, որքան էլ կողմերը խոսեն խաղաղության մասին, որը շատ է շահարկվում, միևնույնն է՝ այս իրավիճակում շատ բան կախված է նրանից, թե բալանսն մեր տարածաշրջանում կպահպանվի, թե ոչ։  Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բալանսը ոչ միայն չպահպանվի, այլ ավելի խորանա։ Համամասնությունը, որը կա, խնդրահարույց է և այս պարագայում որոշ ժամանակ անց նաև պարզ կլինի, թե Ադրբեջանի ունեցած ռազմական ներուժին Միացյալ Նահանգների համագործակցությամբ ինչ է ավելանում և այդ ժամանակ դիտարկումներն շատ ավելի տեղին կլինեն։  

Panorama.am-Վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարը պարբերաբար տեսագրություններ է հրապարակում Հնդկաստանից ձեռք բերված զինատեսակների վերաբերյալ։ Կխնդրեի գնահատել դրանց արդյունավետությունը մեր ԶՈւ առկա սպառազինության հետ համադրված և ընդհանրապես՝ պետության պաշտպանունակությունը բարձրացնելու տեսանկյունից։

Տ. Աբրահամյան-Ներկայացվում է հրետանային հրթիռային համակարգեր, որոնց ծավալը չգիտենք, իսկ մոդելներն այլ քննարկման հարց է։ Դրանց մի մասը պոլիգոնային փորձարկման փուլ են անցել Հնդկաստանում, պատերազմական գործողություններում դրանք որևէ ձևի նկատելի չեն եղել, չեն կիրառվել և հիմա դժվար է ասել, թե որոշակի ճգնաժամային իրավիճակում ինչպես կգործեն։ Այսօրվա ժամանակակից պատերազմի պայմաններում նրանց ծավալը և մասշտաբը որոշակի խնդիր ունի։ Օրինակ այդ միջոցները, որոնք ներկայացված էին, դրանց մի մասի հեռահարությունը միջին էր, բայց միավորների առումով խնդրահարույց են և միևնույն ժամանակ ԱԹՍ-ների համար թիրախ։ Ցանկացած տիպի սպառազինության քննարկումը շատ կարևոր է անել այսօրվա համար շատ ակտուալ երկու հանգամանքի պարագայում՝ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի, որովհետև, եթե այդ էշելոնացված համակարգերը չի ապահովվում, ապա կարևոր չէ, թե այնտեղ 1 միլիարդի գնում է արված, թե 2 միլիարդի, դրանք կարող են մի քանի ժամվա ընթացքում վերածվել մետաղի ջարդոնի։ Երկրորդը՝ մի հանգամանք հաշվի չի առնվում, ավելի շատ իշխանական քարոզչությունն է այն փորձում ստվերում պահել, այն է, թե մենք ինչի համեմատ ենք այս ամեն ինչը գնահատում, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ, դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիայի ժամանակահատվածում, մեր զինված ուժերն անընդհատ թիրախավորված է եղել՝ զինտեխնիկայի, սպառազինության և ենթակառուցվածքների առումով, միլիարդներով վնասներ ենք այստեղ կրել։ Դեռ չեմ խոսում որպես ավար Ադրբեջանին հանձնված սպառազինության մասին։

Ադրբեջանը 5 մլրդ դոլարի թիվն է հնչեցնում, այն կարող է ուռճացված լինել, բայց նաև այն կադրերից, որոնք ադրբեջանցիներն էին հրապարակում, ակնհայտ էր, որ որոշակի քանակությամբ սպառազինություն, զինամթերք էր նաև այդ պատերազմի, ագրեսիաներից հետո հայտնվել Ադրբեջանի մոտ։ Մեկ այլ հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք, այս կառավարությունը, որ այս պարտությունների շղթան ապահովել է հայ ժողովրդի համար, պարզապես չի կարող դա ծախել հանրության վրա, որպես լավություն։ Նույնն է, թե կառավարությունն ասի՝ ես որ թոշակներ եմ բաժանում, հասարակությունը պետք է շնորհակալ լինի, որ մենք թդրանք տալիս ենք, կամ որոշակի սոցիալական խնդիրներ ենք իրականացնում։ Պետությունը, կառավարությանը գործառույթ է վերագրել, որը նաև Սահմանադրությամբ է ամրագրված՝ քաղաքացիների, մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովման տեսանկյունից, դրանք իրենք պետք է ապահովեն և դրա արդյունավետությունը, նպատակահարմարությունը երևում է կոնկրետ իրավիրճակում, հետևաբար, այդ հրճվանքը և ծափահարությունները, որոնք կազմակերպված ձևով տարբեր խմբեր իրականացնում են, բացառապես ունեն քարոզչական բնույթ։ Չմոռանանք, որ 4 ամսից էլ քիչ է մնում ընտրություններին և առաջնորդվում են դրանով։ Այդ խմբերը միայն նման իրավիճակներում են ակտիվանում, բայց գնահատականներ պետք է լինեն երկարաժամկետ ՝ քաղաքացիների և պետության անվտանգության համատեքստում և անկախ այն հանգամանքից, թե այս իշխանությունը երբ կհեռացվի, միևնույն է, գալու են այլ կառավարություններ և քաղաքացու անվտանգության հարցը մշտապես պետք է լինի առաջնային գործոն։   

Panorama.am -Իշխանությունները խոսում են տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացիայի մասին։ Արտաքին քաղաքականության մեջ այն ինչ-որ տեղ կարելի է ընկալել, բաց սպառազինության առում այն արդյունավե՞տ կլինի՝ հաշվի առնելով, որ հետանկախ Հայաստանի ողջ ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-երում օգտագործվել է հիմնականում ռուսական զինտեխնիկա։

Տ. Աբրահամյան-Լոգիստիկայի հետ կապված մեծ թվով խնդիրներ կան, որոնք մի կողմից վերաբերում են դրանց սպասարկմանը և ապահովմանը, մյուս կողմից՝ նաև ներսում դրանց խնդիրները կարող են առաջանալ։ Մենք խոսում ենք տեսական խնդրի մասին՝ հիմքում ունենալով այս իշխանության նաև կառավարման ձախողումները, որոնք տարբեր փուլերում արտահայտվել են, նույնիսկ քաղաքական կամքը եթե մի կողմ դնենք։ Բնականաբար, եթե դու միանգամից 3-4 երկրներից տարբեր տեսակի զինտեխնիկա ես սպասում, ապա դրա սպասարկումից սկսած մինչև ուսուցանում և պահեստազորային հավաքների մասով պետք է լինի մանրամասը ուսումնասիված և խորը վերլուծված, պլանավորված...

 Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder