Կառուցապատողն ամբողջ ծավալով ջուր չի ստանա, եթե համակարգում թերություններ լինեն. Նոր կարգավորում
Իրավունք
14:15 11/02/2026
Հայաստան

Կառուցապատողն ամբողջ ծավալով ջուր չի ստանա, եթե համակարգում թերություններ լինեն. Նոր կարգավորում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ներկայացրած նախագիծը նոր մոտեցում է սահմանում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման գործընթացում՝ հստակ տարանջատելով շինարարության փուլում և շահագործման հանձնելուց հետո տրամադրվող ջրաքանակները։ Panorama.am-ն առանձնացրել է որոշման նախագծի կարևոր կետերը։ 

Նախատեսվում է, որ մինչև շենքի ավարտական ակտի ստացումը, կառուցապատողին կտրամադրվի միայն սահմանափակ ջրաքանակ՝ ըստ համաձայնեցված գրաֆիկի։ Սա նշանակում է, որ շինարարության ընթացքում ջրամատակարարումը կիրականացվի բացառապես տեխնիկական նվազագույն կարիքները հոգալու համար։ Նախագծի 174-րդ կետը հստակեցնում է այս պայմանը։

«Մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտը, շինարարության ընթացքը չխոչընդոտելու նպատակով Մատակարարը կառուցապատողին ապահովում է կառուցապատման համար անհրաժեշտ նվազագույն հասանելի ջրաքանակով՝ հաշվարկված ժամային առավելագույն ելքի և բնակարանների թվի արտադրյալով»,- նշված է որոշման նախագծում։

Հիմնական և հաշվարկված ջրաքանակը կառուցապատողը կկարողանա ստանալ միայն այն ժամանակ, երբ շենքը կստանա շահագործման թույլտվություն (ավարտական ակտ)։ Սակայն այդտեղ ևս գործում է նախապայման. լիարժեք մատակարարումը կտրամադրվի միայն այն դեպքում, եթե կառուցապատողը պատշաճ կերպով իրականացրած լինի տեխնիկական պայմաններով նախատեսված նոր համակարգի կառուցումը. «Տեխնիկական պայմաններով ամրագրվում է, որ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի ջրամատակարարման ապահովման նպատակով... հաշվարկված ջրաքանակը Մատակարարի կողմից կապահովվի տվյալ օբյեկտի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) տրամադրման ամսաթվից»։

Այսպիսով, նախագծի հիմնական տրամաբանությունն այն է, որ շինարարության փուլում կառուցապատողը գործում է սահմանափակ ջրաքանակի և գրաֆիկի պայմաններում, իսկ լիարժեք ջրամատակարարման իրավունք ձեռք է բերում միայն բոլոր տեխնիկական պարտավորությունները կատարելուց և շենքը պաշտոնապես շահագործման հանձնելուց հետո։

Որոշման նախագիծը կքննարկվի ՀԾԿՀ փետրվարի 18-ի նիստում։ 

Ներկայումս շատ կառուցապատողներ շենքը շահագործման են հանձնում այնպիսի համակարգով, որոնք չեն համապատասխանում «Վեոլիա Ջրի» ստանդարտներին: Սա բերում է մի իրավիճակի, երբ մատակարարը չի ընդունում համակարգը, իսկ բնակիչը չի կարողանում դառնալ ուղղակի բաժանորդ: Արդյունքում՝ բնակիչը ջրի համար վճարում է կառուցապատողին, հաճախ՝ առանց հաշվիչի և լրացուցիչ վճարելով պոմպի հոսանքի ու սպասարկման համար:

Նոր կարգավորմամբ ջրի ամբողջական ծավալի տրամադրումը պաշտոնապես շաղկապվում է ավարտական ակտի հետ: Քանի որ ավարտական ակտ ստանալու համար անհրաժեշտ է մատակարարի հաստատումը, կառուցապատողն այլևս չի կարողանա շենքը «հանձնել» բնակիչներին՝ առանց պատշաճ համակարգի: Նախագիծը սահմանում է, որ լիարժեք ջրաքանակ կլինի միայն այն դեպքում, եթե նոր համակարգը կառուցված լինի տեխնիկական պայմաններին համապատասխան:

Գործող վիճակում կառուցապատողները երբեմն շահագործում են շենքը դեռևս շինարարական փուլում՝ օգտագործելով շինհրապարակի համար նախատեսված ջուրը և այն վերավաճառելով բնակիչներին:

Նախագիծը հստակեցնում է, որ մինչև ավարտական ակտի ստացումը կառուցապատողին տրվում է միայն տեխնիկական նվազագույն ջրաքանակ և այն էլ՝ ըստ գրաֆիկի:

Սա նշանակում է, որ կառուցապատողն այլևս ֆիզիկապես չի ունենա այնքան ջուր, որը կարող է բաշխել բնակեցված, բայց դեռևս չհանձնված շենքի բնակիչներին: Սա ստիպում է կառուցապատողին հնարավորինս արագ կատարել «Վեոլիայի» պահանջները, ստանալ ավարտական ակտը և բնակիչներին դարձնել ուղղակի բաժանորդ, որպեսզի շենքն ապահովվի լիարժեք ջրաքանակով:

Այնուամենայնիվ, այս նախագիծը որևէ լուծում չի առաջարկում այն բնակիչների համար, ովքեր արդեն իսկ հայտնվել են այս թակարդում։ Այն շենքերը, որոնք արդեն կառուցվել են անորակ պոմպակայաններով, և որտեղ բնակիչներն արդեն տարիներով ջրի գումարը վճարում են կառուցապատողին, մնում են կարգավորումից դուրս։

Նախագիծն ուղղված է ապագա միացումներին և սահմանում է խաղի կանոններ նոր կառուցվող օբյեկտների համար։ Մինչդեռ արդեն իսկ գոյություն նորակառույցներում  բնակիչների խնդիրը՝ կապված պոմպակայանների հոսանքի ծախսի, հաշվիչների բացակայության և կառուցապատողի կողմից սահմանվող կամայական գների հետ, մնում է օդից կախված։ Պատկան մարմինները դեռևս չեն հստակեցնում, թե ինչպես պետք է «Վեոլիան» կամ պետությունը ստիպեն կառուցապատողին վերազինել արդեն իսկ շահագործվող շենքերի համակարգերը՝ դրանք ընդհանուր ցանցին միացնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder