Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է:
«Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններն ու կառույցները կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝ անելիքներով ու խնդիրներով»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական համաժողովի մասնակիցներին:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:
Նրա հրապարակած տվյալներով, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա:
Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության համագործակցությունը կշարունակվի, և կսահմանվեն այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ կրթության որակի բարելավմանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին: