Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրված միակ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին, այսպես կոչված, «123 համաձայնագիրն» էր (Համաձայնագրի տեքստը դեռևս հրապարակված չէ)»,-գրում է «Մեր ձևով» շարժման անդամ, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նա մանրամասնում է, որ «123 համաձայնագիրը» ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին 1954 թվականի դաշնային օրենքի 123-րդ բաժնի (Section 123 of the U.S. Atomic Energy Act) հիման վրա կնքվող երկկողմ համաձայնագիր է, որը ստորագրվում է ԱՄՆ-ի և այլ պետության միջև և կարգավորում է քաղաքացիական (խաղաղ) նպատակներով միջուկային համագործակցությունը։ Այն սահմանում է իրավական շրջանակն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց պայմաններում Միացյալ Նահանգները կարող է համագործակցել այլ երկրների հետ միջուկային էներգիայի ոլորտում։ Առանց նման համաձայնագրի ԱՄՆ օրենսդրությունը չի թույլատրում քաղաքացիական միջուկային համագործակցություն:
«Հետեւաբար, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված «123 համաձայնագիրը» դեռես անհրաժեշտ իրավական նախապայման է՝ երկու երկրների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։
Այն ինքնին որևէ կոնկրետ ներդրումային նախագիծ չի սահմանում, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, և չի նախատեսում կողմերի կողմից իրականացվելիք պարտադիր ներդրումներ կամ ֆինանսական պարտավորություններ: 123 համաձայնագրի հաստատումից հետո (որն ԱՄՆ օրենսդրության համաձայն դեռ պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը) հայ և ամերիկյան ընկերությունները կարող են սկսել բանակցություններ միջուկային նախագծերի վերաբերյալ՝ նոր համաձայնագրեր կնքելու նպատակով։ Երկու օր առաջ փոխնախագահ Վենսին ներկայացրել է մոտավոր թվային շրջանակ՝ 9 միլիարդ դոլար (5 միլիարդ + 4 միլիարդ), որը պատկերում է, թե ինչքան կարող է վճարվել ԱՄՆ պետական մարմիններին և մասնավոր ընկերություններին ապագայում կնքվելիք միջուկային պայմանագրի շրջանակում»,-գրում է Գոհար Մելոյանը։