Այսօր երեխաները ժամանակի զգալի մասը անցկացնում են փակ տարածքներում. Մասնագետների ահազանգը
Առողջություն
09:51 12/02/2026
Հայաստան

Այսօր երեխաները ժամանակի զգալի մասը անցկացնում են փակ տարածքներում. Մասնագետների ահազանգը

Վերջին տարիներին համաշխարհային բժշկական հանրությունը առավել հաճախ է անդրադառնում աճող սերնդի առողջական վիճակի համակարգային և բազմագործոն վատթարացման խնդրին։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի ներկայացմամբ, խոսքը վերաբերում է ոչ միայն առանձին հիվանդությունների տարածվածության աճին, այլև վարքաբանական, միջավայրային և կենսաբանական գործոնների փոխկապակցված համակարգի ձևավորմանը, որը երկարաժամկետ լուրջ սպառնալիք է ներկայացնում հանրային առողջության համար։

Փաստացիորեն տեղի է ունենում «մանկություն» հասկացության խորքային վերաիմաստավորում․ եթե դեռևս մի քանի տասնամյակ առաջ մանկությունը բնութագրվում էր բարձր ֆիզիկական ակտիվությամբ, ինտենսիվ սոցիալական փոխազդեցությամբ և օրգանիզմի բնական ադապտացիոն մեխանիզմների ձևավորմամբ, ապա ներկայում առավել հաճախ դիտվում է անցում դեպի թվային միջավայրով պայմանավորված մեկուսացում և օրգանիզմի ֆունկցիոնալ ռեզերվների աստիճանական նվազում։

Այսօր երեխաները ժամանակի զգալի մասը անցկացնում են փակ տարածքներում, ունեն շարժողական ցածր ակտիվություն, արտաքին աշխարհի հետ փոխազդում են հիմնականում թվային սարքերի միջոցով և վաղ տարիքից որդեգրում նստակյաց կենսակերպ։ Նշված միտումները աստիճանաբար հանգեցնում են սոցիալապես առավել մեկուսացված և ֆիզիկական ու սոցիալական բեռնվածություններին նվազ հարմարվող երեխաների նոր սերնդի ձևավորմանը։

Բժիշկները, մասնավորապես մանկական սրտաբանները, նշում են, որ հիպոդինամիայի հետևանքները սկսում են դրսևորվել արդեն վաղ մանկական տարիքում։ Առավել հաճախ արձանագրվում են վեգետատիվ կարգավորման խանգարումներ, զարկերակային ճնշման լաբիլություն, սրտի ռիթմի ֆունկցիոնալ խանգարումներ և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր տոլերանտություն։ Աճող օրգանիզմի համար շարժումը կենսական նշանակություն ունեցող ֆիզիոլոգիական խթան է, որն ապահովում է սիրտանոթային և այլ համակարգերի լիարժեք զարգացումը, մինչդեռ դրա պակասը հանգեցնում է ադապտացիոն հնարավորությունների սահմանափակման։

Կլինիկական դիտարկումները հաստատվում են նաև միջազգային լայնածավալ հետազոտությունների արդյունքներով։ ԱՀԿ զեկույցի համաձայն, որը հիմնված է 146 երկրներում իրականացված հարցումների տվյալների վրա, 11–17 տարեկան դեռահասների 81,0%-ը չի հասնում ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական առնվազն 60 րոպե միջին կամ բարձր ինտենսիվության ակտիվության։ Միաժամանակ արձանագրվում է արտահայտված սեռային անհամամասնություն․ ֆիզիկական անբավարար ակտիվությունը դիտվում է տղաների 77,6%-ի և աղջիկների 84,7%-ի մոտ։ Առանձնահատուկ մտահոգիչ է դրական դինամիկայի գրեթե լիակատար բացակայությունը։ 2001–2016 թվականների ընթացքում ֆիզիկական պասիվության տարածվածությունը տղաների շրջանում նվազել է ընդամենը 2,5 տոկոսային կետով, իսկ աղջիկների մոտ փոփոխություններ չեն արձանագրվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder