Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում. Իրանագետ
Քաղաքական
10:24 12/02/2026
Տարածաշրջան

Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում. Իրանագետ

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝  նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

Փորձագետի խոսքով, իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել բանակցության առարկա։ 

«Մյուս կողմից իրանական դիվանագիտական արդյունավետ ջանքերով և նաև տարածաշրջանային օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը ներառում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Պակիստանը, որոնք նկատելի ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը։

Այս առումով նախագահ Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելու մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ տարածաշրջանի իր այլ դաշնակիցների՝ իսրայելականին արմատապես հակադիր շահերը։ 

Հաջողության դեպքում ավելի հեռագնա տեսլականում նշված տարածաշրջանային «դիվանագիտական բուֆերը» նաև Իրանի  ներգրավվածությամբ որոշակի ներուժ ունի վերածվելու աշխարհաքաղաքական շոշափելի ինքնուրույնությամբ առանձին բևեռի, բայց առայժմ առկա են դրա միայն թույլ նախանշանները, որոնք կա՛մ կզարգանան, կա՛մ կմարեն»,-գրում է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահի ու Իսրայելի վարչապետի հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով։ 

«Շատ լավ հանդիպում էր, և մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։ Վերջնական որոշումներ չեն ընդունվել, բացառությամբ այն բանի, որ ես պնդել եմ շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ պարզելու համար, թե հնարավո՞ր է գործարք կնքել։ Եթե դա հնարավոր է, ես վարչապետին հստակ հասկացրեցի, որ դա կլինի նախընտրելի տարբերակը։ Եթե ոչ՝ ստիպված կլինենք տեսնել, թե ինչպիսին կլինի արդյունքը։ Անցած անգամ Իրանը որոշեց, որ իրեն ձեռնտու չէ գործարք կնքել, և ստացավ «Կեսգիշերյան մուրճը», ինչը նրա համար վատ ավարտ ունեցավ։ Հուսով եմ, որ այս անգամ նրանք ավելի խոհեմ և պատասխանատու կլինեն»,-գրել է Թրամփը։

Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի հետ բանակցությունները, Գազայի իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։ Վարչապետը ընդգծել է Իսրայելի պետության անվտանգության կարիքները բանակցությունների համատեքստում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգումը և պահպանել սերտ կապը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում. Իրանագետ