Դատարանը մերժել է նախկին հոգևորական Արման Սարոյանի գործով եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
Իրավունք
10:08 12/02/2026
Հայաստան

Դատարանը մերժել է նախկին հոգևորական Արման Սարոյանի գործով եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան)  նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել են մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

 Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից՝ փետրվարի 11-ից և ենթակա չէ բողոքարկման։

Միջնորդության ներկայացման ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ վեճը ենթակա չէ դատարանում քննության, առկա չէ հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը, հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին, ապա դիմել դատավորին. «Պատմական շատ վտանգավոր նախադեպ եք ստեղծում։ Ուղիղ արգելված է,  որ պետությունը՝ իր բոլոր իշխանության թևերով, վերահսկի  եկեղեցու ներքին կյանքը։

Օրենքը ձեր առջև դուռ է փակում, որ մտնեք  եկեղեցու ներքին կյանք։ Դուռը դուք եք բացել, այդ պանդորայի արկղը դուք եք բացել։ Դուք պատմական բան եք արել, վստահ եղեք՝ ապագայում ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա, դուք պատմական սխալ եք թույլ տվել»։ 

Հայցվոր Արման Սարոյանը դիմել է դատարան՝ պահանջելով  «ճանաչել անվավեր հայցվորին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի  թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանը մերժել է նախկին հոգևորական Արման Սարոյանի գործով եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը