«Ով բողոքի, փոխհատուցման կհասնի». ով է պատասխանատու ճանապարհների փոսերից վնասված մեքենաների համար
Հասարակություն
17:52 12/02/2026
Հայաստան

«Ով բողոքի, փոխհատուցման կհասնի». ով է պատասխանատու ճանապարհների փոսերից վնասված մեքենաների համար

Երևանի փողոցներում առաջացած մեծ փոսերը դարձել է վարորդների մեքենաների ջարդվելու և լրացուցիչ ֆինանսական ծախսերի պատճառ։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Հարությունյանը, ով վերջերս Շիրակի փողոցում մեքենան վնասելու պատճառով ավելի քան 200,000 դրամի ծախս է ունեցել, ֆեյսբուքյան խմբերից մեկում տեսանյութի միջոցով բարձրաձայնում է համատարած անպատժելիության մասին։ Տեսանյութում նա նշել է, որ վարորդները պարտաճանաչ վճարում են հարկերն ու տուրքերը, սակայն փոխարենը ստանում են վտանգավոր ճանապարհներ։ 

«Ով պետք է վճարի իմ ու ինձ նման շատ վարորդների մեքենաների վնասները։ Մարդիկ կան արդեն երրորդ ակն է պայթում փոսերի պատճառով։ Դժվար էլ հասկանաք, թե այդտեղ փոս կա, թե չկա, որովհետև գիշերով իրենք ուղղակի չեն երևում։ Խնդիրը միայն իմ մասին չէ, խնդիրը համատարած է ու լուծումն էլ պիտի լինի համատարած։ Կդիմեմ քաղաքապետարան փոխհատուցման համար։ Հույս ունեմ, որ ինձ պես շատ մարդիկ նաև կդիմեն, ովքեր ունեն վիդեոռեգիստրատոր կամ կամերայով նկարած է»,- ասել է նա։ 

«Ասֆալտները մեկանգամյա օգտագործման պիտի չլինեն, դրանք երկարաժամկետ օգտագործման համար են նախատեսված, իսկ եթե այդպես չի լինում, ուրեմն ինչ-որ բան ինչ-որ կետում սխալ է գնացել, ու կախված նրանից, թե կառավարման մենեջմենտը ով է անում, իրանից պիտի սկսվի պատասխանատվության կրման շղթան։ Ու հաստատ այդ շղթայի վերջում չպիտի լինեմ ես, որովհետև ես քաղաքապետարանում չեմ աշխատում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ պատրաստ է իր ժամանակն ու ռեսուրսները ներդնել՝ քաղաքապետարանից փոխհատուցում ստանալու և այս արատավոր միջավայրը փոխելու համար։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները կարող են և պետք է դիմեն ու հասնեն փոխհատուցման, եթե վնասը քաղաքապետարանի անգործության հետևանքն է։ Ըստ Քեյանի՝ վնասը փոխհատուցելու համար կա հստակ ընթացակարգ. 

«Ով դիմի, բողոքարկի համապատասխան ընթացակարգով, փոխհատուցման կհասնի։ Երբ մեքենան վնասվում է այդ փոսի պատճառով, դուք դիմում եք ոստիկանություն, ոստիկանությունը գալիս է, այն ճանապարհատրանսպորտային պատահար է համարվում, արձանագրում են այդ պատահարը, գնահատող ընկերությունից ստանում են պատճառված վնասի մասին եզրակացությունը և այդ ամբողջ փաստաթղթերով դիմում են քաղաքապետարան՝ վնասի հատուցման պահանջով»- մանրամասնեց փորձագետը։

Նա նաև հավելեց, որ եթե քաղաքապետարանը կամավոր չընդունի իր սխալը, ապա քաղաքացին կարող է հասնել արդյունքի դատական կարգով։

«Փոսայինի դեպքում պարտավոր են ճանապարհը նորմալ սպասարկել, այդ ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է, որովհետև իրենց անգործության պատճառով է վնասը հասցվել։ Քանի դեռ քաղաքացիները հանդուրժում են ու չեն բողոքարկում, իրենք էլ վնաս չեն կրում դրանից ու գործ չեն անում՝ ամեն տարի ասելով, թե այս եղանակին ասֆալտապատում չեն անի։ Ո՞վ է ասում այս եղանակին անեք. այն տարիներին, որ ասֆալտապատում եք անում, այդ ժամանակ նորմալ արեք, որ մի ձմեռվա մեջ չփչանա»,- եզրափակեց փորձագետը։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս անդրադարձել էր խնդրին։ Ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ փոսերի առատությունը պայմանավորված է եղանակային տատանումներով, ձմռանը կիրառված աղի ազդեցությամբ և ասֆալտի շերտի մաշվածությամբ, որը վաղուց սպառել է իր շահագործման ժամկետը։ Թեև քաղաքապետը հանձնարարել է իրականացնել ժամանակավոր փոսալցումներ և խոստացել է լայնածավալ հիմնանորոգում սկսել եղանակները տաքանալուն պես, վնասների փոխհատուցման վերաբերյալ որևէ խոստում չի հնչել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ով բողոքի, փոխհատուցման կհասնի». ով է պատասխանատու ճանապարհների փոսերից վնասված մեքենաների համար