Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես Արսեն Բաբայանի, այնպես էլ Խաչիկ Գալստյանի դեմ հարուցված գործը ջուր է. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործը ջուր է։ Այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Խ. Գալստյանը կարդարացվի, ինչպես դա եղավ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի պարագայում։
«Այսինքն՝ մարդուն հետապնդել են, ինչ-որ մի փուլում ազատազրկել են, վերջում պարզվել է, որ սուտ է, դատական վախճան չի ունեցել այդ գործը։ Նույնը Խաչիկ Գալստյանի դեպքում կլինի։ Ես առաջին օրը, երբ Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին, ասել եմ՝ չեմ կարող մանրամասներ հայտնել, որովհետեւ կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, բայց վստահաբար ասում եմ, որ այստեղ գործ չկա։ Ժողովրդի լեզվով ասած՝ գործը ջուր է եւ այդ գործը եւս չի ունենալու դատական վախճան, դա զուտ պատժիչ գործողություն է։ Ընդ որում՝ Խաչիկ Գալստյանին, նաեւ Արամ Քոչարյանին եմ ուզում հիշատակել՝ մեր Վաղարշապատի կառույցի պատասխանատուին, որը էլի ձերբակալվեց դեկտեմբերի 30-ին։ Նկատենք, որ այն տվյալները՝ իբրեւ այդ «հանցագործության» մասին, իրենք ձեռք են բերել նոյեմբերի 16-ին, հիմա հարց է առաջանում․ եթե այդ տվյալները ստացել եք նոյեմբերի 16-ին, ոչինչ դրանցում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել է, ինչո՞ւ այդ գործողությունը չարեցիք անմիջապես հաջորդած օրերին՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, այլ ձերբակալեցիք հատկապես դեկտեմբերի 30-ին։ Իմաստը ո՞րն էր»,-նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Նրա խոսքով, այս ամենի նպատակը գործիչների ընտանիքներին ճնշելն է։
«Շատ դժվար կացություն է ստեղծվում մարդկայնորեն։ Ընդ որում՝ ընտանիքի անդամների համար․ անչափահաս երեխա ունի Խաչիկը, Արամն ունի երեխաներ, իրենց ընտանիքների համար, իհարկե, շատ բարդ է։ Բայց ես հասկանում եմ, եւ իրենք էլ են հասկանում։ Ընդ որում՝ Խաչիկը մեզնից ավելի պինդ է իրեն պահում հիմա։ Այնտեղից բոլորին ասում է՝ հանկարծ չհուսահատվեք, գնացեք առաջ, պետք է պայքարենք, պայքարը շարունակում ենք»,-ասել է նա։