Վարորդները վճարում են վատ ճանապարհների համար. ԱՊՊԱ-ի թանկացման «թաքնված» պատճառները
Տնտեսություն
12:43 13/02/2026
Հայաստան

Վարորդները վճարում են վատ ճանապարհների համար. ԱՊՊԱ-ի թանկացման «թաքնված» պատճառները

Եթե ցանկանում ենք, որ ԱՊՊԱ սակագները չբարձրանան կամ նույնիսկ իջնեն, պետք է նվազեցնենք հատուցումների ծավալը, իսկ դա հնարավոր է միայն ճանապարհային անվտանգության, վարորդների վարքագծի և մեքենաների տեխնիկական վիճակի բարելավման միջոցով։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։ 

Panorama.am-ն վտոապահովագրողների Բյուրոյի տնօրենի հետ զրուցել է վերջին շրջանում ծառայության թանկացման տնտեսական հիմնավորումների, ձմեռային վթարների վիճակագրության և այն մասին, թե ինչու ապահովագրական ընկերությունները չեն պահանջում փոխհատուցում քաղաքապետարանից՝ անմխիթար ճանապարհների պատճառով տեղի ունեցած վթարների համար։

Panorama.am- Պարոն Եղիազարյան, վերջին շրջանում վարորդները բողոքում են ԱՊՊԱ սակագների թանկացումից։ Որո՞նք են սրա տնտեսական հիմնավորումները, և արդյո՞ք սպասվում են նոր վերանայումներ մոտ ապագայում։

Վ. Եղիազարյան- ԱՊՊԱ սակագների ձևավորման հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ հատուցումների ծավալը։ Սակագնի 75-80%-ը ձևավորվում է հենց պատահարների արդյունքում վճարվող վնասներից։ Մնացած մասը ապահովագրական ընկերությունների գործառնական ծախսերն են, հարկերը և շատ փոքր շահույթը։ Հետևաբար, երբ աճում է հատուցումների քանակը, ընկերությունները ստիպված են լինում վերանայել սակագները։

Ինչո՞ւ են հատուցումներն աճում։ Նախ՝ մեքենաների պարկը թարմացվում է, ի հայտ են գալիս էլեկտրոմոբիլներ, որոնց վերանորոգումը սովորականից թանկ է կամ երբեմն անհնար. ստիպված փոխվում են ամբողջական պահեստամասեր։ Բացի այդ, մեքենաների և նոր վարորդների քանակի ավելացմանը զուգահեռ՝ պատահարների թիվը չի նվազում։

Panorama.am- Վերջին ամիսներին տեղացած առատ ձյան և մերկասառույցի պայմաններում որքանո՞վ է աճել վթարների և հայտերի քանակը։

Վ. Եղիազարյան-  2025-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, պատահարների քանակն աճել է մոտ 8%-ով։ Իսկ 2026-ի հունվարին աճը եղել է մոտ 30%՝ 2025-ի հունվարի համեմատ։ Եթե նույնիսկ համեմատենք ավելի վաղ շրջանի՝ 2024-ի հունվարի հետ, դարձյալ ունենք 15% աճ։ 

Panorama.am- Վթարների մեծ մասը բաժին է ընկնում Երևանին։ Արդյո՞ք Բյուրոն կամ ընկերությունները տեսնում են քաղաքապետարանի պատասխանատվությունը այն վթարների համար, որոնք ոչ պատշաճ ձնամաքրման հետևանք են։ Կիրառվո՞ւմ է սուբրոգացիայի (հետադարձ պահանջի) իրավունքը համայնքային կառույցների նկատմամբ։

Վ. Եղիազարյան- Մեր համակարգն այնպես է աշխատում, որ պատահարի դեպքում մեքենաներից մեկին պարտադիր պետք է մեղավորություն տրվի, նույնիսկ եթե պատճառը եղել է փոսը կամ ճանապարհի վիճակը։ Ապահովագրական ընկերությունը հատուցում է տուժողին, իսկ հետո կարող է հետադարձ պահանջ ներկայացնել սկզբնապատճառին (օրինակ՝ քաղաքապետարանին)։ Սակայն գործնականում դա հազվադեպ է լինում։

Պատճառն այն է, որ փորձագետները հազվադեպ են հստակ նշում, որ պատճառը ճանապարհի քանդված լինելն է։ Եղել են դեպքեր, երբ ընկերությունները դիմել են դատարան, օրինակ՝ չաշխատող լուսացույցի պատճառով, բայց դատարանը ապացույցները բավարար չի համարել և մերժել է։ Քանի որ նման դեպքերը ընդհանուր ծավալում մեծ չեն, ապահովագրողները նախընտրում են չգնալ այդ ծախսատար դատական քաշքշուկների հետևից։

Եթե ուզում ենք, որ համակարգն աշխատի որպես կանխարգելիչ միջոց և պատկան մարմինները ժամանակին լուծեն խնդիրները, թերևս տարբերակներից մեկն այն է, որ ապահովագրական համակարգը հրաժարվի նման դեպքերի հատուցումից։ Այդ ժամանակ բեռը կմնա անհատների վրա, և նրանք շատ ավելի հետևողական կլինեն քաղաքապետարանից փոխհատուցում պահանջելու հարցում։

Panorama.am- Ստացվում է, որ միևնույն է՝ այդ գումարը քաղաքացիներն են վճարում. հատուցումներն ավելանում են, սակագինը բարձրանում է, և քաղաքացին վճարում է քաղաքապետարանի անգործության համար։

Վ. Եղիազարյան- Ճիշտ եք, այդպես է ստացվում։ Ուղղակի այդ վնասը «ցրվում է» բոլոր վարորդների վրա և այդքան չի զգացվում, որքան կզգացվեր առանձին անհատի դեպքում։ Բայց մեր ռազմավարությունը միտված է նրան, որ ԱՊՊԱ-ն լինի պարզ և հասկանալի. տուժողը պետք է ստանա իր հատուցումը՝ անկախ երրորդ կողմի պատճառաբանություններից։

Panorama.am- Ի՞նչ կարելի է անել, որ սակագները չբարձրանան կամ նույնիսկ նվազեն։

Վ. Եղիազարյան- Պետք է ազդել երեք գործոնի վրա՝ ճանապարհների վիճակ, մեքենաների տեխնիկական վիճակ և վարորդների վարքագիծ։ Մենք ընդունել ենք զարգացման ռազմավարություն, բայց միայնակ չենք կարող դա անել։ Օրինակ՝ կազմել ենք պատահարների «թեժ կետերի» քարտեզ և կիսվել Ներքին գործերի նախարարության հետ։ Պլանավորում ենք ստեղծել ավելի համապարփակ և ճկուն քարտեզ, որը ցույց կտա վթարների պատճառահետևանքային կապերը։

Բանակցում ենք ՆԳՆ-ի հետ նաև վարորդների վարքագծի վրա ազդելու համար։ Օրինակ՝ վարորդական իրավունքի քննության մեջ ներառել ԱՊՊԱ տարրեր, կամ եթե վարորդը շատ «մալուսներ» ու բալերի կորուստ ունի, նախատեսել հատուկ դասընթացներ և քննություններ։ Նաև նախատեսում ենք աջակցել ՏԿԵ նախարարությանը՝ բարելավելու մեքենաների տեխզննության որակը։

Panorama.am- Ինչպե՞ս են անբարենպաստ եղանակից ծագող վթարներն ազդում վարորդների հետագա ապահովագրավճարների վրա և արդյոք չկան մեղմացուցիչ հագամանքներ։

Վ. Եղիազարյան- Եթե եղանակային պայմանները բերում են պատահարների աճի, ապա աճում են ընդհանուր հատուցումները, ինչն էլ ուղղակի ճնշում է գործադրում սակագների վրա։ Վարորդի համար մեղմացուցիչ պայմանը մեկն է՝ լինել զգույշ և չհայտնվել վթարների մեջ, քանի որ համակարգը հիմնված է ընդհանուր ռիսկայնության գնահատման վրա։

Հարցազրույցն ամվողջությամբ՝ տեսանյութում։

Զրուցեց Անժելա Պողոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder