Սև կատու երկու բուհերի միջև. Բժշկական համալսարանը դատի է տվել ԵՊՀ-ին
Իրավունք
16:58 13/02/2026
Հայաստան

Սև կատու երկու բուհերի միջև. Բժշկական համալսարանը դատի է տվել ԵՊՀ-ին

Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միջև ծագած ֆինանսական վեճը տեղափոխվել է դատական հարթակ։ ԵՊԲՀ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ԵՊՀ-ից բռնագանձել շուրջ 3.9 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։ 

Թեև դատական որոշման մեջ մանրամասնված չէ պարտքի առաջացման բուն պատճառը, սակայն կից ներկայացված փաստաթղթերի ցանկից պարզ է դառնում, որ խնդիրը ծագել է դեռևս 2019 թվականի մարտի 30-ին երկու բուհերի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։

Հայցվոր կողմը՝ Բժշկական համալսարանը, պահանջում է 3.882.193 ՀՀ դրամ հիմնական գումարի բռնագանձում, 117.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։

Հատկանշական է, որ որպես ապացույց հայցին կցվել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի կայքից արված քաղվածք, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վեճը կարող է առնչվել նաև արտարժութային փոխարկումներին կամ տոկոսագումարների հաշվարկին։

Panorama.am-ը փորձեց պարզել՝ ինչի շուրջ է վեճը ու երկու խոշոր բուհերը ինչու չեն կարողացել համաձայնության գալ։ ԵՊԲՀ-ից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր։ Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder