Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի վարկային շուկայում 2025 թվականի ընթացքում նկատվել է տոկոսադրույքների որոշակի նվազման միտում, ինչը տարեվերջին ուղեկցվել է բնակչության խնայողությունների աճով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Եթե տարվա սկզբին՝ մարտին, վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 14.17%, ապա դեկտեմբերին այն իջել է մինչև 13.60%։ Չնայած այս նվազումը կտրուկ չէ, այն փաստում է շուկայում վարկային միջոցների հասանելիության աստիճանական բարելավման մասի։
Վարկերի էժանացմանը զուգահեռ՝ բանկային համակարգում բնակչության կողմից ներգրավված ավանդների մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի վերջին հասել է շուրջ 3.4 տրիլիոն դրամի (3,396,824 մլն դրամ)։ Միայն նոյեմբերի նկատմամբ ավանդային պորտֆելն աճել է 4.7%-ով կամ ավելի քան 151 միլիարդ դրամով։ Տարեկան աճի դինամիկան. 2024 թվականի դեկտեմբերի համեմատ քաղաքացիների խնայողություններն ավելացել են 17.1%-ով կամ շուրջ 496.6 միլիարդ դրամով։
Ավանդների նման ներհոսքը կարող է պայմանավորված լինել նաև տարեվերջին դրանց եկամտաբերության բարձրացմամբ. եթե սեպտեմբերին ավանդների միջին տոկոսադրույքը 7.86% էր, ապա դեկտեմբերին այն հասել է 8.20%-ի։
Այսպիսով, 2025 թվականն ավարտվել է մի իրավիճակով, երբ վարկերը տարեսկզբի համեմատ դարձել են ավելի մատչելի, իսկ ավանդների դիմաց առաջարկվող տոկոսներն ու դրանց ծավալները՝ ավելի գրավիչ։
Չնայած վարկերի տոկոսների չնչին նվազմանը, վարկավորման և ավանդների տոկոսադրույքների միջև առկա տարբերությունը շարունակում է մնալ զգալի՝ վկայելով շուկայում ռիսկերի գնահատման և բանկային մարժայի պահպանման միտումների մասին։