Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ այլևս չես կարող վախեցնել, դարձել է սովորական. Արթուր Վանեցյան
Քաղաքական
13:12 13/02/2026
Հայաստան

Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ այլևս չես կարող վախեցնել, դարձել է սովորական. Արթուր Վանեցյան

«Խաչիկ Գալստյանի պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա Խաչիկ Գալստյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար»,-«Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով կուսակից ընկերոջն ազատությունից զրկելու գործի մասին։

Վանեցյանը նշել է, որ մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։

«Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է, եւ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է։ Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել»,-նշել է ընդդիմադիր գործիչը։

ԱԱԾ նախկին տնօրենը համաձայնել է լրագրողի դիտարկմանը, որ ընտրություններին ընթադառ  քաղբանտարկյալների թիվը Հայաստանում ավելանալու է։

«Միանշանակ՝ այո, դա իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում են՝ ով իրեն լավ չպահի, կտանենք կլցնենք, իրենց բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները», այս կանենք, այն կանենք։ Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Այլեւս Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ չես կարող վախեցնել, դարձել է սովորական, եւ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից»,-ասել է «Հայրենիք» կուսակցությանը նախագահը։

Ընդդիմադիր գործիչներին ազատազրկելով, Վանեցյանի գնահատմամբ, կա վտանգ, որ ընդդիմադիր թեւի հիմնական ուժերը կպակասեն՝ նախընտրական պայքարի կազմակերպչական փուլում։

«Օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից»,-ընդգծել է Վանեցյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder