Իջևան և Դիլիջան համայնքին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. Դատախազություն
Իրավունք
17:08 14/02/2026
Հայաստան

Իջևան և Դիլիջան համայնքին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. Դատախազություն

2025 թվականին Տավուշի դատախազությունում նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2048 քրեական վարույթ): Նման տվյալներ է հրապարակել Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը՝ մարզի դատախազության  2025 թ. աշխատանքների ամփոփմանը։

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 431 քրեական վարույթ՝ 464 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 382 քրեական գործ՝ 408 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 54 միլիոն 986 հազար դրամը:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել ընդհանուր 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք:

Մասնավորապես՝

  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:
  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
  • Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
  • Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում (շատրվաններին կից) գտնվող՝ 0.03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների՝ այդ թվում անչափահասների շրջանում, կանխարգելմանն ու բացահայտմանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder