Հայ գերիների վերադարձի հարցը լուծելի է, խնդիրն այն է, թե մենք ինչպես ու երբ ենք կարողանալու դուրս գալ լուծման տանող արդյունավետ ճանապարհի վրա. Բադալյան
Քաղաքական
11:38 14/02/2026
Հայաստան

Հայ գերիների վերադարձի հարցը լուծելի է, խնդիրն այն է, թե մենք ինչպես ու երբ ենք կարողանալու դուրս գալ լուծման տանող արդյունավետ ճանապարհի վրա. Բադալյան

«Եթե ԱՄՆ Ալիևին խնդրի, շատ խնդրի ներում շնորհել պատանդներին, դրա դիմաց պետք է ինչ որ բան տա Ալիևին: Իսկ ԱՄՆ Ալիևին ինչո՞ւ պետք է ինչ-որ բան տա մեր հայրենակիցներին ազատելու դիմաց»,- նշել է  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա գրել է. «Իլհամ Ալիևը Ֆրանս24-ին տված հարցազրույցում անդրադառնալով Բաքվում պահվող մեր հայրենակից պատանդների հարցին, մասնավորապես Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, ասել է, թե խոսք չի կարող լինել նրանց ներման մասին: Ալիեւը նշել է, որ Վենսը իր հետ հանդիպմանը նաեւ այդ թեման է շոշափել, բայց Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի լինի ներում, որովհետեւ նրանք ավելի ծանր հանցագործ են, քան ֆաշիստները:

Մի կողմ թողնենք այն, որ Ալիեւի այդ բնորոշումը բացարձակ մտացածին է եւ անհեթեթ: Մենք ինքներս մեզ չէ, որ պետք է համոզենք, որ այդ մարդիկ հանցագործ չեն: Թեեւ, ցավոք սրտի կան հայեր, որոնց պետք է «համոզել»:

Բայց ինձ հետաքրքիր են այն փորձերը, որոնք ուղղված էին ԱՄՆ փոխնախագահ Վենսին համոզելու, որ նա լուծի մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը: Ես այս թեմային անդրադարձա դեռ այն ժամանակ, երբ սկսեցին Վենսին հասցեագրված ուղերձներ: Ես հատուկ գրառում արեցի այդ առնչությամբ, նշելով, որ ընկալումներն ինձ համար տարակուսելի են, բայց չծավալվեցի, առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Նշեցի, որ կանդրադառնամ ավելի ուշ: Այդ գրառումս հիշեցնում եմ վերեւի հղումով:

Կասկած չունեմ, որ Վենսին հղված տարբեր ուղերձների հեղինակները ունեցել են օգնության ամենաանկեղծ ակնկալիք, ունեցել են մեր պատանդառված հայրենակիցներին վերադարձնելու անկեղծ հույս, դրանով են դիմել ԱՄՆ փոխնախագահին: 

Բայց դա ախր միամտություն է, անհույս միամտություն, եթե մենք խոսում ենք մեծ քաղաքականության մասին: Եվ հարցը անգամ այն էլ չէ, թե Վենսը «թքած ունի» այդ ամենի վրա: Ոչ, Վենսը գուցե շատ կուզեր օգնել, լինել օգտակար: Բայց Վենսը վերակացուն չէ, իսկ Ալիեւը՝ մանկապարտեզի սանը: Ոչ էլ Թրամպն է այդպիսին, որքան էլ ուզում է ներկայանալ այդպես: Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով, կամ ինչպես ասում է Թրամպը՝ գործարքով: Դուր գա մեզ, թե ոչ: Սա է դառը իրականությունը: 

Եթե ԱՄՆ Ալիևին խնդրի, շատ խնդրի ներում շնորհել պատանդներին, դրա դիմաց պետք է ինչ որ բան տա Ալիևին: Իսկ ԱՄՆ Ալիևին ինչո՞ւ պետք է ինչ-որ բան տա մեր հայրենակիցներին ազատելու դիմաց: 

Իսկ ահա, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղուն համաձանություն տվել առանց այդ հարցի լուծման հստակ պայմանավորվածության, այդ հարցը թերևս բաց է մնում պատմության համար:

Ընդ որում, շատ կարեւոր է ընդգծել, որ այս պատկերը բացարձակապես չպետք է լինի հուսահատության եւ ընկճման աղբյուր կամ պատճառ: Ամբողջովին հակառակը՝ սա պետք է լինի պարզապես մեր հայրենակիցների վերադարձի հարցում աշխատանքը, ջանքը առավել ինտենսիվացնելու նոր խթան: Պարզապես, պետք է լինի նաեւ դաս, ընդ որում այդ բառի բոլորովին ոչ հեգնական իմաստով:

Պետք է լինի դաս՝ միջազգային հարաբերությունների եւ մեծ քաղաքականության շերտերն ու բնույթը ուսանելու տեսանկյունից, հասկանալու համար, թե ինչը պետք է փոխենք, ինչպես, ինչ ուղղությամբ, ինչ բովանդակությամբ, ոճով, եւ այլն:

Մեր հայրենակիցների վերադարձի հարցը լուծելի է, դա անկասկած: Խնդիրն այն է, թե մենք ինչպես ու երբ ենք կարողանալու դուրս գալ լուծման տանող արդյունավետ ճանապարհի վրա: Դրա համար անկասկած չափազանց կարեւոր նշանակություն է ունենալու որպես պետություն Հայաստանի որակների ու կարողության փոփոխությունը, Հայաստանի հանրապետության ներուժի փոփոխությունը, որպեսզի ստեղծվի առավել արդյունավետ դիվանագիտական ջանքի հեռանկար, առավել ընդգրկուն աշխատանքի ճակատ:

Հետեւաբար, միակ բանը, որ պետք է չլինի, դա՝ մի կողմից միամտությունն է, մյուս կողմից՝ հուսահատությունն ու թեւաթափությունն է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder