Անհիմն և չափազանցված վճարներ. Ե՞րբ կվերանա էլեկտրոմոբիլների թանկարժեք փորձաքննության պահանջ
Տնտեսություն
14:25 14/02/2026
Հայաստան

Անհիմն և չափազանցված վճարներ. Ե՞րբ կվերանա էլեկտրոմոբիլների թանկարժեք փորձաքննության պահանջ

Հայաստանում էլեկտրամոբիլների սեփականատերերը բախվում են լուրջ խնդրի. գույքահարկը հաշվարկվում է ոչ թե մեքենայի փաստացի հզորությամբ, այլ գովազդային կամ մարկետինգային ձիաուժերով, ինչը հանգեցնում է անհիմն բարձր հարկային բեռի։ Իսկ իրական ձիաուժերը հիմք ընդունելու համար քաղաքացիներից պահանջվում է անցնել թանկարժեք փորձաքննություն, որի արժեքը հասնում է հարյուր հազարավոր դրամների։

Խնդրի մասին բարձրաձայնում է քաղաքացի Նարեկ Այվազյանը՝ նշելով, որ փորձաքննության համար գանձվող գումարի զգալի մասը բաժին է ընկնում մի համակարգի, որն իրականում Հայաստանում չի էլ գործում։

«Գույքահարկը ԵԱՏՄ-ով են անում, այսինքն գովազդված շարժիչի հաշվարկով, ոչ փաստացի եղած ձիաուժով: Փաստացի հաշվարկի համար պետք է գնալ փորձագիտական քննության: 200-250 հազ դրամ արժե դա, որի 150 հազարը ԵԱՏՄ ԳԼՈԿ համակարգ տեղադրելն է, ինչը չի աշխատում այստեղ։ ԵԱՏՄ որոշում կա, որից հետո հանել են դրա պարտադիր լիելը, դա ռուսական GPS-ն է։ Չնայած դրան՝ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները շարունակում են այն կիրառել»,- Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքացին։

Նա շեշտեց, որ ցավալի կլինի, եթե ԱԺ ամբիոնից հնչած խոստումները մնան որպես անկատար խոսքեր։ Նա պահանջում է հստակ ժամկետներ սահմանել հարցի վերջնական կարգավորման համար և վերանայել փորձաքննության սակագները, քանի որ «ԳԼՈԿ» համակարգի համար գանձվող 150,000 դրամը չունի իրավական հիմնավորում։

«Պետք է հնարավորինս կարճ ժամանակում և հստակ պատասխանել՝ ե՞րբ է նախատեսվում վերջնականապես կարգավորել այս հարցը, որպեսզի քաղաքացիները այլևս չվճարեն ավելորդ գումարներ, և արդյո՞ք նախատեսվում է վերադարձնել քաղաքացիներից նախկինում գանձված անհիմն և չափազանցված վճարները։ Մասնավորապես, եթե քաղաքացիներից ավել են գանձել, ապա դրա տարբերության վերադարձի հստակ հաշվարկ ու մեխանիզմ արժի կիրառել, եթե կարիք կա փորձաքննության, ապա նաև վերանայել է պետք դրա սակագները, որովհետև նաև դրա վճարի չափն է սխալ ու բարձր»,- եզրափակեց Այվազյանը՝ ակնկալելով ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի պատասխանը։

Խնդրին ԱԺ ամբիոնից արձագանքել էր Բ. Թունյանը։ Նա հաստատել էր, որ կառավարությունն արդեն աշխատում է միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա ելակետային տվյալները վերցնել ԵԱՏՄ ռեեստրից՝ առանց քաղաքացիներին լրացուցիչ փորձաքննությունների պարտադրելու։

«Կառավարությունը մեզ հետ հարցը քննարկվել է և հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցնեն և փորձաքննության կարիք չլինի, այսինքն այս հարցը լուծման մեջ է և կարծում եմ առաջիկա օրերի ընթացքում վերջնական լուծումը կլինի»,- հայտարարել է Թունյանը։

Այնուամենայնիվ, ելույթից անցել են ամիսներ, սակայն, ըստ Այվազյանի, խնդիրը դեռևս լուծված չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհիմն և չափազանցված վճարներ. Ե՞րբ կվերանա էլեկտրոմոբիլների թանկարժեք փորձաքննության պահանջ