Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոդուլային կայաններ կառուցվում են նավերի վրա, Հայաստանում այս մասին խոսելն անգրագետություն է․ Արզումանյան
«Մեծամորի ատոմակայանը մի քանի ամսով դադարեցրել է աշխատանքը և որոշ տեխնիկական, գիտական միջոցառումներ իրականացնելուց հետո կստանա 10 տարի շահագործելու իրավունք, թույլտվություն ՝միջազգային ատոմային ընկերության կողմից»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում արծարծվող ատոմակայանի շահագործման և նոր անտոմակայան կառուցելու հարցին։
Նրա խոսքով՝ կան նախադրյալներ ևս տարի ատոմակայանի գործունեությունը երկարացնելու համար։
«Ատոմակայանը կաշխատի տասը տարի, այդ ընթացքում Ռուսաստանում նոր օրենք են ուզում ընդունել, մի քիչ ձգձգվում է, բայց դեռ օրակարգում է։ Օրենքը վերաբերում է նրան, որ Հայաստանի ատոմային բլոկի նման ատոմային բլոկերը կարողանան աշխատել ոչ թե 40, այլ 50 տարի ։ Այսինքն, եթե Հայաստանը մինչև 2036 թիվը կարողանա շահագործել ատոմակայանը, ապա Ռուսաստանում այդ օրենքն ընդունվելուց հետո, իրավունք կունենա ևս 10 տարով աշխատել՝մինչև 2046 թ․-ը։ Այս դեպքում արդեն կարիք չի լինի խոսել Հայաստանում նոր ատոմային բլոկ կառուցելու մասին, թեկուզ՝ մոդուլային »,- ասաց նա։
Գնահատելով Հայաստանում մոդուլային ատոմակայան ունենալու հնարավորությունները՝ փորձագետը նշեց, որ Հայաստանում մոդուլային ատոմային բլոկ կառուցելու մասին խոսում են միայն ատոմային էներգիայից չհասկացող մարդիկ։
«Մոդուլային կայաններն առայժմ գոյություն ունեն Ռուսաստանում և Չինաստանում, այն էլ միայն ծովում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Սիբիրի հյուսիսային ափերում, որոնք անմարդաբնակ են,բայց գործարաններ կամ ռազմական օբյեկտներ են կառուցվում և դրա համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիա։ Նավի վրա դնում են այդ մոդուլային կայանը՝10-20 մեգավատտ հզորությամբ ոչ ավել։ Սիբիրի հյուսիսային սռուցյալ օվկիանոսի ափին մի կես կիլոմետրանոց գիծ են քաշվում դեպի ցամաք և կանգնում են, աշխատում են մեկ կամ 2 տարի։ Մոդուլային բլոկների դեպքում առավելագույնը՝ մինչև 5 տարի , հետո կա՛մ վերակառուցում են , կա՛մ որպես մետաղ հանձնում վերամշակման» ,- մանրամասնեց նա։
Փորձագետն ընդգծում է, որ այժմ գործող մոդուլային կայանները կառուցված են միայն նավերի վրա։
«Ռուսաստանը մտադիր է նաև Սիբիրի հյուսիսային ափին կառուցել ցամաքի վրա նույնպես, որոնք կաշխատեն 10 տարի։ Այսինքն՝ հիմա խոսել մոդուլային կայանների մասին, էներգետիկ անգրագիտություն է, որովհետև այսօր աշխատող մոդուլային էլեկտրաբլոկներ կան միայն նավերի վրա ՝ և Չինաստանում, և՛ Ռուսաստանում։ Ամերիկան ուզում էր 10 տարի առաջ նույնպես կառուցել, բայց նույնիսկ նավերի վրա այդպես էլ չկառուցեց։ Խոսել մոդուլային կայանների մասին այսօր, նշանակում է խոսել մի 15- 20 տարվա ապագայի մասին։ Որևէ տեղ ցամաքում դրված մոդուլային էլեկտրակայան գոյություն չունի, միայն նավերի վրա են կառուցված։ Կարող եմ ասել, որ էներգետիկ անգրագետներ են, որ խոսում են մոդուլային ատոմային տեսակի մասին»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինպիսի՞ ռիսկեր կան Հայաստանի էներգահամակարգի միացումը հարևան երկրների էներգահամակարգին,Արզումանյանն ասաց․
«Ասել, թե Հայաստանի էներգհամակարգը պետք է միանա կամ կապ ունենա հարևան երկրների համակարգերի հետ, միանգամայն սխալ է, որովհետև մինչև 1992-93 թիվը Հայաստանի էներգոհամակարգը Գյումրի-Թուրքիա պետական սահմանի մոտ այդ գիծը կար։ Այդ գծով մենք Թուրքիային բավականին շատ էլեկտրաէներգիա էինք մատակարարում։ Այն ժամանակ՝ 1990-ականներին Թուրքիան չուներ ատոմակայան, իսկ հիմա արդեն կառուցում է։ Բացի այդ, Ադրբեջանը Վրաստանի տարածքով Թուրքիային էլեկտրաէներգիա է մատակարարում, որը Թուրքիան և՛ ինքն է օգտագործում, և՛ ուղարկում է Եվրոպա»։
Ըստ փորձագետի, եթե Թուրքիայի հետ պետական սահմանը բացվի, ապա ունենք էլեկտրահաղորդման գծեր՝ էներգիա մատակարարելու համար։ Իսկ մինչև հիմա Թուրքիայի էներգիա մատարկարել ենք Վրաստանի միջոցով։
Վրաստանը Թուրքիային էներգիա է մատակարարում և՛ իր ավելուցկը, և՛ Հայաստանից ու Ադրբեջանից ստացածը։ Իրանին ևս արդեն 20 տարի և ավելի մատակարարում ենք էներգիա՝ գազի դիմաց։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա փորձագետը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի հետ ընդհանուր էներգահամակարգ ունեցել ենք։ 1992-ից հետո այդ գծերը չեն գործել մինչև այսօր։