Թուրքիան շուտով կստանա իր առաջին էլեկտրաէներգիան Աքքույուի ատոմակայանից. Էրդողան
Տնտեսություն
23:00 15/10/2025
Տարածաշրջան

Թուրքիան շուտով կստանա իր առաջին էլեկտրաէներգիան Աքքույուի ատոմակայանից. Էրդողան

Թուրքիան «շատ շուտով» կստանա էլեկտրաէներգիա Աքքույու ատոմակայանի առաջին ռեակտորից, նաև քննարկվում են նոր նախագծեր։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք շատ շուտով կսկսենք էլեկտրաէներգիա արտադրել Աքքույուում։ Չնայած գլխավոր ընդդիմության քննադատությանը, մենք կշարունակենք ներդրումներ կատարել ատոմային էներգիայի ոլորտում։ Մեր միջուկային օրակարգում ունենք այլ նախագծեր», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով կառավարության նիստից հետո։

Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ Աքքույուն, ներկայումս կառուցվում է Ռուսաստանի մասնակցությամբ։ Այն բաղկացած է չորս էներգաբլոկներից՝ ռուսական նախագծման առաջադեմ VVER-1200 սերնդի III+ ռեակտորներով։ Յուրաքանչյուր բլոկ կունենա 1200 մեգավատ հզորություն։ Աքքույուն համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-Սեփականացրու-Շահագործիր» մոդելով։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հուլիսի 30-ին հայտարարել է, որ երկիրը ինտենսիվ աշխատում է 2026 թվականին առաջին ատոմակայանի բլոկը շահագործման հանձնելու ուղղությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան շուտով կստանա իր առաջին էլեկտրաէներգիան Աքքույուի ատոմակայանից. Էրդողան