Դիմել եմ ՄԻ պաշտպանին, օրենքը նվաստացուցիչ վիճակի մեջ է դնելու ավագ բուժաշխատողներին․ Անուշ Պողոսյան
Առողջություն
20:06 16/02/2026
Հայաստան

Դիմել եմ ՄԻ պաշտպանին, օրենքը նվաստացուցիչ վիճակի մեջ է դնելու ավագ բուժաշխատողներին․ Անուշ Պողոսյան

«Բժիշկների արժանապատվության հետ կապված պետք է նշեմ,որ մեր բժիշկներն այսօր շատ լուրջ խնդրի առջև են կանգնած։ Չեմ հոգնելու կրկնել «Անհատական լիցենզավորման մասին» օրենքի  փոփոխության ՝ բժշկական օգնության սպասարկման մասին, որն ըստ իս, բավականին նվաստացուցիչ վիճակի մեջ է դնելու Հայաստանի Հանրապետության ավագ բուժաշխատողներին»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» քննարկման ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ արձագանքելով դահլիճից հնչած բժշկի դիտարկմանը, թե որքա՞ն կարելի է նվաստացնել բժշկի աշխատանքը։

Պողոսյանի պարզաբանմամբ՝ խոսքը վերաբերվում է այն բանին, որ երկու փուլով քննություններ պետք է անցկացվեն  և, քննությունը չհաղթահարվելու դեպքում, բազմամյա բարձր մասնագիտական հմտություններով օժտված բժիշկները գուցե հնարավորություն չունենան  այլևս զբաղվել բժշկական գործունեությամբ։

«Ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև կարծում եմ, որ սա մարդու իրավունքների տեսակետից ևս խնդիր է։ Դիպլոմ և հետդիպլոմային կրթություն ունեցող բժիշկին ասել, որ ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի կողմից չեք ստացել անհատական լիցենզիա և չեք աշխատում, սա խնդիր է»,- նշեց Պողոսյանը։

Դիմելով բժիշկներին՝ Անուշ Պողոսյանը համախմբման կոչ արեց։

 «Պետք է համախմբվել, պետք է պահանջել այդ արժանապատիվ վերաբերմունքն, այլապես ամեն մեկը մի օր իր պատկերացման շրջանակներում օրենք է ընդունելու՝ ի վնաս բժշկական հանրույթի»,- եզրափակեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder