Եթե ուզում ենք որակյալ առողջապահություն, եկե՛ք պատշաճ ձևով վերաբերվենք բժիշկներին․ Կարինե Աղալարյան
Առողջություն
18:36 16/02/2026
Հայաստան

Եթե ուզում ենք որակյալ առողջապահություն, եկե՛ք պատշաճ ձևով վերաբերվենք բժիշկներին․ Կարինե Աղալարյան

«Մենք հաճախ ենք գնում եվրոպական երկրներ և, տեսնելով առողջապահության ոլորտում գործող ապահովագրական համակարգը, միշտ մտածում ենք՝ մի օր կլինի Հայաստանում նման մի բան։ Նպատակը եկեք հասկանանք՝ ո՞րն այս ապահովագրության, որպեսզի ժողովրդի համար ավելի հասանելի լինի բժշկությունը։Բայց ուզում եմ   հասկանալ՝ բժշկին ինչու՞ ենք տարանջատում ժողովրդից»,- այս մասին  «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց բժիշկ-ռադիոլոգ Կարինե Աղալարյանը։

Նրա խոսքով՝ համակարգը մշակելիս հաշվի չեն առնվել բժիշկների կարիքները։ Այլ խոսքով ասած՝ բժշկի համար էլ պետք է լավ լինի։

 «Ես այստեղ ներկայացնում եմ շատ բժիշկներին, համախմբված կարծիք եմ ուզում հայտնել մեր կողմից։ Ի դեպ ասեմ, որ շատ բժիշկներ դեռ լռում են, որովհետև հունվարի աշխատավարձը շատ տեղեր չեն ստացել ու սպասում են ինչ-որ փոփոխությունների,իսկ որոշ մասն ուղղակի կաթվածահար եղած է ու չի պատկերացնում՝ ինչ է կատարվում։ Ես նույնիսկ մի բժշկուհու հանդիպեցի, որն ասում էր՝ դե վատ չի, 3000, 6000 դրամ խորհրդատվության համար, կարծեք՝ նորմալ է։Բացատրում ես՝ չէ, այդ ուղղակի փոխանցվող գումարն է, քեզ շատ չնչին տոկոս է հասնում՝ 700 դրամ»,- ասաց նա։

Բժիշկը համոզված է, որ ապահովագրության համակարգը, եթե ճիշտ մշակվեր, շատ լավ կարող էր աշխատել, իսկ նման պարագայում  վստահ չէ, որ այն երկար կարող է տևել։

 « Օրինակ՝  նեղ մասնագետի խորհրդատվությունը Երևան քաղաքում իրականացվում է 15- 20000 դրամ, որոշ տեղերում՝ 30 000 դրամ, շրջաններում՝ 5- 10000 դրամ։ Այստեղից  որոշ տոկոս բժշկին էր հասնում։ Այժմ  ապահովագրությամբ փոխանցվում է խորհրդատվության համար՝ 3000 -6000 դրամ։ Ուզում եմ հասկանամ՝ ո՞ր թվին են մոտեցրել, ո՞նց դա հաշվարկվել։ Եթե մենք ուզում ենք որակյալ առողջապահություն, եկե՛ք պատշաճ ձևով վերաբերվենք բժիշկներին»,-պարզաբանեց Կարինե Աղալարյանը։

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder