Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ցավոք աշխատավարձերն այնքան ցածր են, որ այս տարի կրկին պետք է անդրադառնանք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերին. Ավինյան
«Մենք ինչ-որ մի պահից սկսելու ենք գումարը հատկացնել բոլոր երեխաների համար, նույնիսկ հերթում գտնվողների, եթե նրանց ծնողները որոշեն տեղավորել մասնավոր մանկապարտեզ, մենք համաֆինանսավորելու ենք»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հետևելով Ավինյանի հորդորին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ մշակվող ծրագրով Երևան համայնքը կհամաֆինանսավորի երեխայի մասնավոր մանկապարտեզի վճարը, մինչև համայնքային ենթակայության մանկապարտեզում երեխային ընդունելու համար հերթը հասնի։
Նա զեկուցեց, որ կա միջինացված հաշվարկ յուրաքանչյուր երեխայի համար և այն կհամաֆինանսավորի մասնավոր ընտանիքին։
«Շարունակենք աշխատել բանաձևի վրա, որպեսզի հասկանանք, որ այնպես չէ, որ Երևան համայնքը իր միջոցները հատկացնում է ապահովված ընտանիքներին, որոնք այս ծառայության կարիքը որպես այդպիսին չունեին։ Ֆիքսենք, որ մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր այս ֆինանսական միջոցների կարիքն ունեն»,-ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց դիտարկել նաև նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։
«Ցավոք սրտի սկզբնական աշխատավարձերն այնքան ցածր են, որ մենք այս տարի կրկին պետք է անդրադարձ ունենանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին»,- ասաց Ավինյանը։
Լևոն Հովհաննիսյանն էլ ասաց, որ դյուջեի հնարավորությունները դիտարկելուց հետո կներկայացնի առաջարկ, թե երբ կարող են բարձրացնել աշխատավարձերը։