Սա նաև ուժային մարմինների կազմակերպած խումբ է. Աբրահամյանը՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների Հայաստան այցի մասին
Քաղաքական
11:44 16/02/2026
Հայաստան

Սա նաև ուժային մարմինների կազմակերպած խումբ է. Աբրահամյանը՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների Հայաստան այցի մասին

«Վեհափառի դեմ քրեական վարույթն այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որն առնվազն ավելի խտացված տեսել ենք 2025 թ հունիս-հուլիս ամիսներից հետ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, սա որոշակիորեն կանխատեսել էր։

«Ինչո՞ւ եղավ հենց այս պահին։ Կարծում եմ՝ եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման մասով էր որոշակի արագացված գործողությունները։ Ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր նման դրսևորում,  բայց որոշակի գործողությունները արագացվեցին»,- ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով  «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցին Հայաստան, նա նշեց, որ  Ադրբեջանում առհասարակ շատ մեծ չափազանցություն է  քաղաքացիական հասարակություն ասելը, քանի որ Ադրբեջանում շատ վաղուց  բռնապետություն է  կառուցված, այնտեղ խոսել ազատ մեդիայի, ՀԿ-ների մասին, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից, չեն կարող ասել։

«Սա որոշակի նաև  ուժային մարմինների կազմակերպած խումբ է։ Այդ մարդիկ կամ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը կարճ ժամանակ առաջ խոսում էին հայերի նկատմամբ ատելության,  հայերի դեմ գործողությունների մասին, այդ մարդիկ մեկ օրում չեն կարող փոփոխությունների ենթարկվել»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն իր համար ունի իր քայլերի հաջորդականությունը, դրան զուգահեռ սպառազինվում է, փորձում է ՀՀ հարաբերություններում հանդես գալ թելադրողի, ուժեղի դիրքերից, ինչը չի էլ թաքցնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա նաև ուժային մարմինների կազմակերպած խումբ է. Աբրահամյանը՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների Հայաստան այցի մասին