Կառավարությունը մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին
Կրթություն, գիտություն
13:50 16/02/2026
Հայաստան

Կառավարությունը մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց Հայաստանի տիեզերական ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։ Ըստ նախարարի՝ պետական «Արմսաթ-1» արբանյակն արդեն ավարտել է իր առաքելությունը, և կառավարությունն այժմ քննարկում է նոր սարքավորումների ձեռքբերման հարցը։

Նա ընդգծեց, որ «Արմսաթ-1»-ը ծառայել է մինչև 2025 թվականի վերջին ամիսները։ Այժմ օրակարգում է երկրի հեռավար դիտարկման և տիեզերալուսանկարահանող նոր արբանյակի կամ արբանյակների ձեռքբերումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի պետության համար։

«Կառավարությունը մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին՝ երկրի հեռավար դիտարկման տեսակի կամ տիեզերալուսանկարահանող արբանյակ ձեռք բերելու մասին»,- ասաց բանախոսը։

Զուգահեռաբար, Մ. Հայրապետյանն անդրադարձավ նաև տեղական մասնագիտական խմբերի կողմից իրականացվող նախագծերին, մասնավորապես՝ «Հայասաթ» արբանյակների շարքին։ Նա շեշտեց, եթե պետական արբանյակը լուծում է ֆունկցիոնալ խնդիրներ, ապա տեղական մշակումները կարևոր են ներհայաստանյան կարողությունների զարգացման տեսանկյունից։

«Հայասաթ տեսակի արբանյակները, որը մեզ համար բացառիկ կարևորություն ունեցող նախագիծ է և անգնահատելի արժեք ունի, նախ և առաջ գիտության և հետազոտության և նորարարության իմաստով Հայաստանի ներսում սեփական կարողություններով, գիտելիքով արբանյակ նախագծելու և արտադրելու տեսանկյունից»- ասաց Հայրապետյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ «Հայասաթ-2»-ի նախագծման և արտադրության մեջ ներգրավված գիտահետազոտական խմբերը կարող են դառնալ կառավարության առաջարկած հարկային նոր արտոնությունների շահառու։ Քանի որ նման աշխատանքները որակվում են որպես գիտահետազոտական և փորձարարական մշակումներ (R&D), դրանց համար գործում է պետական աջակցության լայն գործիքակազմ։

«Մենք պատկերացնում ենք, որ տնտեսության բոլոր ճյուղերի հիմքում գիտահետազոտական աշխատանքների և մշակումների ուղղությամբ ներդրումը պիտի կառավարությունը գա խրախուսելու»,- նշեց Հայրապետյանը։

Ասուլիսի ընթացքում Մ. Հայրապետյանը նշեց, որ 2025 թվականին տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը հատել է 1 տրիլիոն դրամի շեմը, ինչը ներառում է նաև տիեզերական սարքավորումների և թռչող սարքերի արտադրությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին