Հայաստանում բժշկի ձայնը լսելի չէ. տարիներով բժիշկներն անտեսված են. Կարին Աղալարյան
Առողջություն
20:34 16/02/2026
Հայաստան

Հայաստանում բժշկի ձայնը լսելի չէ. տարիներով բժիշկներն անտեսված են. Կարին Աղալարյան

Հայաստանում ներդրված առողջապահական ապահովագրության նոր համակարգը, որն ի սկզբանե կոչված էր բարեփոխելու ոլորտը, լուրջ անհանգստությունների տեղիք է տվել բժշկական հանրության շրջանում։ Ռադիոլոգ և սոնոգրաֆիստ Կարին Աղալարյանի դիտարկմամբ՝ թեև ապահովագրության գաղափարն ինքնին դրական է, սակայն դրա գործնական կիրառումը հարվածի տակ է դնում բժշկական ծառայությունների որակը և մասնագետների արժանապատիվ վարձատրությունը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համակարգը մշակելիս բժշկի շահերն ու հնարավորությունները մնացել են լուսանցքում, ինչը հղի է ոլորտի լճացմամբ։

«Եթե իրականացնողն այդ լավ ծրագրի բժիշկն է, նախ և առաջ պետք է մտածեինք բժշկի մասին, թե բժշկի մոտ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Փոխհատուցվող գումարներից մինչև կոդերի անհամապատասխանությունը մի շարք խնդիրներ կան, որոնց հետևանքով հասկանում ես՝ բժշկությունը ոչ թե դեպի առաջ է գնում, այլ լճացում է տեղի ունենալու»- մանրամասնեց Աղալարյանը։

Մասնագետն առանձնակի շեշտեց քանակի և որակի միջև ստեղծված անհամապատասխանությունը։ Մասնավոր կենտրոններում աշխատող բժիշկների համար առաջնայինը որակյալ հետազոտությունն է, սակայն նոր համակարգը ստիպում է աշխատել ծանրաբեռնված հոսքերի պայմաններում։ Այս մոտեցումը ոչ միայն հյուծում է բուժաշխատողին, այլև ուղղակիորեն վնասում է պացիենտին, ով չի ստանում անհրաժեշտ ուշադրությունը։

«Եթե պետական հիմնարկությունում այս հոսքի տակ բժիշկը սկսի սպասարկել 50-60 բուժառու, այնտեղ որակ սպասելը, ինչքան էլ լավ բժիշկ  լինի, մի քիչ արդարացված չէ։ Երբ որ դու բժշկին չես գնահատում, վարձատրում ես 700 դրամ ամեն մի բուժառուի համար, սպասել, որ նա իր կարողությունների մաքսիմալը կտա, անհիմն է։ Բուժառուն այսպես թե այնպես տուժում է»,- ասաց նա։

Չնայած առողջապահության նախարարության հավաստիացումներին, թե ծրագիրը նոր է և շտկումներ կլինեն, բժիշկների շրջանում տիրում է սպասողական և միևնույն ժամանակ լարված մթնոլորտ։ Կարին Աղալարյանը նկատեց, որ Հայաստանում բժշկի ձայնը տարիներ շարունակ լսելի չի եղել, և ցածր վարձատրության ու անտեսված լինելու խնդիրը դեռևս մնում է չլուծված։ Ըստ նրա՝ եթե համակարգը հիմքից չվերանայվի և հաշվի չառնվեն մասնագիտական դժգոհությունները, ապա բողոքի նոր ու ավելի հզոր ալիքն անխուսափելի կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում բժշկի ձայնը լսելի չէ. տարիներով բժիշկներն անտեսված են. Կարին Աղալարյան