Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի դպրոց կատարած այցից առաջ շենքերի կեղտոտ բակերն սկսել են արագ մաքրել
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի թիվ 122 դպրոցում հանդիպում է ունեցել աշակերտների հետ՝ պատմել «Իրական Հայաստան»-ի մասին։ Մինչ Փաշինյանի ժամանումը վաղ առավոտյան «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցներն սկսել են աչագ-արագ մաքրել շենքերի բակերը, ինչն առաջացրել է բնակիչների զարմանքը։ Panorama.am-ի հետ զրույցում դպրոցի հարակից շենքի բնակիչը հիշում է, որ նման փութաջանությամբ շենքերի բակերը մաքրվել էր կրկին Փաշինյանի նախորդ այցից առաջ։
Քաղաքացին կես կատակ կես ասաց․ «Փաշինյանը գոնե շուտ-շուտ գա, բակերը մաքրեն»։


Սակայն թվացյալ այդ մաքրության կողքը կա աղբակույտ, որի հարցն, ըստ բնակիչների, տարիներ շարունակ չի լուծվում։ Պատասխանատու մարմիններից որևէ մեկը հետաքրքրված չէ շենքի բակում տիրող ոչ հիգիենիկ իրավիճակի լուծմամբ, որը նաև առնետների բազմացման համար նպաստավոր պայման է ստեղծել։ Խոսքն՝ այն շենքի մասին է, որը գտնվում է դպրոցի անմիջապես հարևանությամբ՝ Արզումանյան 3 հասցեում։

Այդ նույն շենքի շքամուտքը ևս անմխիթար վիճակում է։ Բնակիչներից մեզ հայտնեցին, որ շենքը վթարային 3-րդ կարգ ունի, իսկ առաջին հարկի պատը տևական ժամանակ քանդվել է։
«Համատիրությունից եկել են, նայել են, մի քանի տեղից ծակել են,բայց վթարը որտեղից է՝ չեն գտնում, այդպես էլ թողել գնացել են։ Շենքն արդեն ենթակա է քանդման, բայց դե ո՞վ է քանդելու։ Էս պատի խնդիրը լուծեն՝ էլի շնորհակալ կլինենք։ Տեսեք՝ արդեն ասիճաններով բարձրանալն էլ է վտանգավոր»,- ասաց բնակիչը՝ ցույց տալով շքամուտքի կիսաքանդ պատը։
Ահա և «Իրական Հայաստան»-ից մի մասնիկ։
