Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը, մասնակցում են 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ
Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Առավոտյան ժողովականները մասնակցել են Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկել է հավաքը։
Եպիսկոպոսաց հավաքի դիվանից հայտնում են, որ Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն է առցանց հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Այնուհետև մասնակիցներին իրենց ուղերձն են հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի է ունեցե․ Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքն է հղել Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։
Հիշեցնենք, որ իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ երկրից չբացակայելու արգելք է դրել, այդ իսկ պատճառով մասնակցել են առցանց։
Նշենք, որ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես մասնակցում է հավաքին։ Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ մասնակցելու է Եպիսկոպոսաց Ժողովին։ Հիշեցնենք նաև, որ նա միացել էր տիրադավ եպիսկոպոսներին ու Փաշինյանի եկեղեցու դեմ սանձազերծած արշավին։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2025 թ. դեկտեմբերի 10-12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։
Արդեն այս տարվա հունվարի 19-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։


