ԿԲ. Հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները
Տնտեսություն
17:40 18/02/2026
Հայաստան

ԿԲ. Հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները

Կենտրոնական բանկի հունվարի 13-ի խորհրդի որոշմամբ հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները:

ԿԲ-ից մանրամասնում են.

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի կազմը և կառուցվածքը համապատասխանեցվել են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին: Հստակեցվել է հիմնական կապիտալի հաշվարկում չբաշխված շահույթի/վնասի ներառման կարգը, ինչպես նաև նախատեսվել են կապիտալի հաշվարկից նվազեցումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների մասով:

2. Սահմանվել է, որ վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.

• ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ծրագրային ակտիվների,

• ծրագրային ակտիվների հաշվեկշռային արժեքի՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով,

• հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի` առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով:

Այս սահմանաչափերի կիրառման պարագայում ծրագրային և նյութական ակտիվների հետ կապված ռիսկն ամբողջովին կարող է կլանվել սեփական կապիտալի կողմից՝ միևնույն ժամանակ ապահովելով թվային տեխնոլոգիաների ներդրման առավել նպաստավոր պայմաններ վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

3. Սահմանվել է, որ իրացվելիության նորմատիվը պետք է ծածկի ընթացիկ պարտավորությունների 60%-ը, սակայն ոչ պակաս, քան վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների մեծությունը: Սա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության պրուդենցիալ կարգավորման և հաճախորդների հանդեպ իրացվելիության ռիսկի զսպման տեսանկյունից:

4. Հստակեցվել են հաճախորդներից ստացված միջոցների պաշտպանության համար ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները:

5. Վերացվել է փոխադրվող կանխիկ դրամական միջոցները հատուկ բանկային հաշվին մուտքագրելու պահանջն այն դեպքերի համար, երբ առկա է ապահովագրություն (երաշխիք): Փոփոխությունը հնարավորություն կտա վճարահաշվարկային կազմակերպություններին առավել արդյունավետ իրականացնել իրացվելիության կառավարումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder