Իրան-ԱՄՆ հարաբերությունների այս ողջ հորձանուտում ՀՀ դիրքորոշումներն այդքան էլ հստակ չեն, հերթական տապալումն է. Ոսկանյան
Քաղաքական
16:06 18/02/2026
Հայաստան

Իրան-ԱՄՆ հարաբերությունների այս ողջ հորձանուտում ՀՀ դիրքորոշումներն այդքան էլ հստակ չեն, հերթական տապալումն է. Ոսկանյան

«Իրան-ԱՄՆ հարաբերությունները ուղղակիորեն ազդելու են նաև Հայաստան-Իրան, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա»,-«Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով քննարկմանն ասաց իրանագետ, «Հայրենիք» կուսակցության  անդամ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, վերջին օրերին Իրանի և ԱՄՆ միջև տեղի  ունեցածը չի կարելի կոչել բանակցություններ, անուղղակի շփումներ են, իրականացվել է Օմանի ԱԳ նախարարի  միջնորդական առաքելությամբ։

«Բայց քննակումներ կան,  իրանական կողմն առաջ է մղում բանակցությունների  միայն մեկ օրակարգ՝ Իրանի  միջուկային ծրագիրը, որը ենթադրում է, որ Իրանը պետք է ունենա խաղաղ միջուկային ծրագիր, հարստացված  ուրանն իր երկրի տարածքից դուրս չի հանելու, դրա դիմաց  իրանական կողմը պահանջում է պատժամիջոցների ամբողջական չեղարկում, չի պատրաստվում քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր  արբանյակ ուժերի հետ հարաբերությունների խնդիրները և այլն»,- ասաց Ոսկանյանը։

Միաժամանակ նշեց, որ բանակցային գործընթացին զուգահեռ կա ռազմական հռետորաբանություն,  ռազմական տեղաշարժեր. «Գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ բանակցային կամ շփումների  ֆորմատը  զուգորդվում է  ռազմական որոշակի գործողություններով, բայց դա բախում չէ, նաև տեղի է ունենում ռազմական սպառնալիքի ճնշման մեթոդաբանության որոշակի գործընթաց»։

Իրանագետի խոսքով, իրանցիները գիտակցում են՝ գործ ունեն աշխարհի թիվ մեկ գերտերության հետ, աշխարհի ամենահզոր և ամենաթանկ բանակի հետ, հետևաբար Իրանը  փորձում է  գործել ասիմետրիկ մեթոդաբանությամբ։

«Իրանը հստակ արձանագրում է՝ եթե  հանկարծ տեղի ունենա բախում, այդ բախումը  տարբեր է լինելու նախորդ բախումից։ Իրանն այդ բախումը վերածելու է  տարածաշրջանային պատերազմի՝ թիրախավորելու ԱՄՆ ողջ  ռազմական  ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքով, այս իմաստով  օգտագործում է սեփական գործիքակազմը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Ինչքանո՞վ է այս ամենը վերաբերելու Հայաստանին։

«Ըստ էության, պատերազմի վտանգը մեզանից  ընդամենը մի քանի հարյուր կմ հեռավորության վրա է, Մեղրիից ընդամենը  մետրերի հեռավարության վրա է։ Հետևաբար, այս համատեքստում նաև մենք  պետք է ունենանք սեփական սցենարները տարբեր զարգացումների  պարագայում և տարբեր համատեքստերում։

Եթե փորձում ենք  խոսել Հայաստանում որոշումների կայացման մակարդակի մասին, ակնհայտ է, որ գործ ունենք, շատ մեղմ ասած, ցածր մակարդակի հետ, այս համատեքստում  Իրան-ԱՄՆ հարաբերությունների այս ողջ հորձանուտում Հայաստանի դիրքորոշումներն այդքան էլ հստակ չեն»,- ասաց Ոսկանյանը։ 

Նա նշեց, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե բոլոր արաբական երկրները, Թուրքիան, Ադրբեջանը, խոսում են Իրանի հետ, ԱՄՆ հետ, փորձում են միջնորդական առաքելությամբ հանդես գալ, սեփական դիվանագիտական հնարավորությունները տրամադրել երկու կողմերին, կամ գոնե հավաստիացնում են կողմերին, որ պատրաստ են դա անել, իսկ Հայաստանից՝ քար լոռություն այս գործընթացի վերաբերյալ. «Որևէ հայտարարություն, որևէ միջնորդական առաքելության առաջարկ չկա, նույնիսկ իրանական բարձրաստիճան գործընկերների հետ հեռախոսազրույց չի եղել։ Սա հերթական տապալումն է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրան-ԱՄՆ հարաբերությունների այս ողջ հորձանուտում ՀՀ դիրքորոշումներն այդքան էլ հստակ չեն, հերթական տապալումն է. Ոսկանյան