Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոյգուն բացառո՞ւմ է, որ երկաթուղու հարցում Մոսկվան չի գնա Անկարայի հետ որեւէ պայմանավորվածության. Քաղաքական վերլուծաբան
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեքորեն փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում՝ ոչ ամենհեշտ պայմաններում»: Այս հայտարարության հեղինակը ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն է:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Նախօրեին Օրվա թեմայի թողարկմանը ես դարձյալ անդրադարձել էի երկաթուղու թեմային, ասելով, որ դեռեւս չկա արձագանք ՌԴ քաղաքական որոշումների կայացման կենտրոնից՝ Կրեմլից: Շոյգուի արձագանքը թերեւս հենց այդ շրջանակից է: Եվ այն փաստորեն Երեւանի մտադրության բացասական արձագանք է: Ընդ որում, Շոյգուն ակնարկում է, թե Ռուսաստանը «փակ» երկաթուղում գրեթե երկու տասնամյակ ներդրումներ է արել ոչ այն բանի համար, որ ռեգիոնի բացվելու պարագայում թողնի ու հեռանա, հրաժարվելով իր իրավունքից:
Հիշեցնեմ, որ այս առնչությամբ քանիցս արտահայտվել եմ՝ Ռուսաստանի համար հայկական երկաթուղու հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է եղել ռեգիոնալ բաց ռեժիմի հեռանկարով, այլ ոչ թե ինքնին որպես Հայաստանի ներսում գործող ենթակառուցվածք:
Բայց այստեղ ես կդիտարկեի մեկ այլ հարց. իսկ Ռուսաստանը բացառու՞մ է այդ հարցի քննարկումը: Ես չեմ ասում քննարկումը Երեւանի հետ, այլ քննարկումը Անկարայի հետ: Երեւանն այստեղ, ցավոք սրտի, ընդամենը դեկոր է: Շոյգուն բացառու՞մ է, որ երկաթուղու հարցում Մոսկվան չի գնա Անկարայի հետ որեւէ պայմանավորվածության: Այս հարցն էլ հենց դիտարկել էի նախօրեին Օրվա թեմայի շրջանակում, հիշեցնելով Կովկասում իր դիրքերի հաշվին՝ Անկարայի ու Բաքվի հետ Ռուսաստանի այլ պայմանավորվածությունների, մեզ համար ցավագին նախադեպերը: Օրվա թեմայի հղումը կդնեմ այս գրառման վերջում:
«Գրեթե երկու տասնամյակների ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել։ Դրա պատասխանատվությունը որևէ բարեկամ երկիր, բնականաբար, չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից», ասում է Շոյգուն:
Հայաստանի իշխանությունն իհարկե որոշումներ կայացնում է ելնելով ոչ թե ՀՀ քաղաքացիների՝ ասել է թե ՀՀ-ի, այլ իր սեփական քաղաքական շահերից, իշխանությունը պահելու պարզ տրամաբանությունից: Ըստ այդմ որոշումների առումով հարցը թերեւս ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ ո՞ր մի որոշումը ավելի շատ օգտակար լինի իշխանությունը պահելու խնդրի լուծմանը, քան առաջացնի դրա համար ռիսկ, այն էլ թերեւս կկայացվի:
Միեւնույն ժամանակ կրկնեմ, որ այս պատմությանը ես չէի նայի լոկ միարժեք այս դասավորությամբ»։