Օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք. Էկոնոմիկայի փոխնախարար
Տնտեսություն
11:56 19/02/2026
Հայաստան

Օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք. Էկոնոմիկայի փոխնախարար

«Ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում»,- կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Փոխնախարարը զեկուցեց «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Նա նշեց, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլև տեղականի։

 «Մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա»,- ասաց Սիրականյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու բաղադրիչներով, առաջին՝ ազգային ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, երկրորդ՝ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման, նույնանման բարենպաստ վերաբերմունք:

«Սա նշանակում է՝ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը ՀՀ-ում առկա է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,-ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ բացառություն կա, որը նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված Մաքսային միության, ԱՏԳ-ի, ԵԱՏՄ-ի և միջազգային շուկայի ու միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերի համար:

Լիլյա Սիրականյանը հայտնեց, որ փոփոխությամբ սահմանում է իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք, ներդրումների իրավական դաշտի թափանցիկության երաշխիք, սահմանում է կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկման իրավունքները, նաև աշխատողներ վարձելու երաշխիք, վեճերի լուծման երաշխիք, արդարադատության մատչելիություն և այլն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder