Գլխավոր դատախազությունն Ալեն Սիմոնյանի՝ հոգևորականների մասին հայտարարության վերաբերյալ
Իրավունք
17:12 19/02/2026
Հայաստան

Գլխավոր դատախազությունն Ալեն Սիմոնյանի՝ հոգևորականների մասին հայտարարության վերաբերյալ

«Գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»,- Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք  Ալեն Սիմոնյանի՝ օրեր առաջ ռուսական «Դոժդ» ալիքին տված հարցազրույցում՝ հոգևորականների վերաբերյալ հնչեցրած հայտարարությանն ընթացք տրվել է կամ կա՞ն հոգևորականներ, որոնք  կանչվել են հարցաքննության։

Հիշեցնենք, որ Ալեն Սիոնյանը մասնավորապես ասել էր. «Եթե որևէ երկրում պարզվի, որ եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող X անձը մանկապիղծ է, և իրավապահ մարմինները արձագանքեն դրան, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության քննադատությամբ, կարո՞ղ է սա համարվել եկեղեցու վրա հարձակում։ Չի կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես։ Իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է․

Կան 4-5 մարդ՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք թաղված են այդպիսի իրավիճակներում (которые погрязли в таких ситуациях)»։

Այդ հայտարարությունից հետո քաղաքացիները դիմում էին դատախազությանը՝ խնդրելով Սիմոնյանի ասածներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ, որ դա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում։ Եթե նման հանցագործության մասին ինֆորմացիա ունեն և իշխանությունն էլ իրենց ձեռքում է, ինչո՞ւ չեն այդ մարդիկ ազատազրկված՝ լինեն հոգևորական, բժիշկ, թե բանվոր։Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն ալեն սիմոնյանի նկատմամբ քր. գործ հարուցեք մարդկանց խմբի (հոգևորականների) նկատմամբ ատելություն հրահրելու համար»,- գրել էր «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder