Թումանյանի «թաքնված» դիմանկարը՝ ՀԱՊ-ի արխիվներից
Մշակույթ
12:47 19/02/2026
Հայաստան

Թումանյանի «թաքնված» դիմանկարը՝ ՀԱՊ-ի արխիվներից

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այս առիթով Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է մի ուշագրավ պատմություն, որը երկար տարիներ թաքնված է եղել  պատկերասրահի պահոցներում։

«Տասնամյակներ շարունակ այս փոքրիկ ջրաներկ էտյուդը (1920-ական թթ.) համարվում էր Հարություն Շամշինյանի ինքնանկարը և պահվում էր պատկերասրահի երկրորդական պահեստային բաժիններից մեկում։ Սակայն 2026 թ. հունվարին իրականացված հետազոտական աշխատանքների ընթացքում (հետազոտող՝ Վիգեն Գալստյան) տեղի ունեցավ անսպասելին. պարզ դարձավ, որ պատկերվածը ոչ թե նկարիչն է, այլ նրա մեծ հայրենակիցը՝ Հովհաննես Թումանյանը։

Սա բնականից արված արագ էտյուդ է, որտեղ Շամշինյանին հաջողվել է որսալ Թումանյանի կերպարի նրբությունն ու այն ջերմությունը, որը ճառագում է նրա ժպտացող աչքերից։ Բանաստեղծի դիմագծերն ու նրա սիրելի բաճկոնն այստեղ ճանաչելի են առաջին իսկ հայացքից։ Սա Հովհաննես Թումանյանի ամենավաղ գեղարվեստական պատկերումներից է (եթե ոչ ամենավաղը), երբ նրա դեմքը դեռ չէր դարձել 20-րդ դարի հայկական մշակույթի խորհրդանիշներից։

Այս բացառիկ գործն այժմ առաջին անգամ ներկայացվում է հանրությանը որպես բանաստեղծի դիմանկար «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսի շրջանակում»,- նշված է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թումանյանի «թաքնված» դիմանկարը՝ ՀԱՊ-ի արխիվներից