Կառավարությունը մեծ բնակչություն ունեցող բնակավայրի բնակիչներին արգելեց երկու անգամ քվեարկել իր բնակավայրի մասնակցային բյուջետային ծրագրին
Հասարակություն
12:23 19/02/2026
Հայաստան

Կառավարությունը մեծ բնակչություն ունեցող բնակավայրի բնակիչներին արգելեց երկու անգամ քվեարկել իր բնակավայրի մասնակցային բյուջետային ծրագրին

«Առաջին երկու տարիներին մասնակցային բյուջետավորման գործընթացը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև ծրագիրը դարձնել մշտական»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան փոփոխությունները:

Նրա խոսքով՝ հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին:

«Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Նախարարը նշեց, որ գործող կարգավորումներով սուբվենցիայի հայտերի ձևավորման համար ընտրվում են այն առաջարկ-նախագծերը, որոնք ստացել են առավելագույն քվե, սակայն ոչ պակաս, քան համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 1 %-ը։ Նախագծով առաջարկվում է սահմանել շեմերի տարբերակում՝ ելնելով առաջարկ-նախագիծն ընդգրկող բնակավայրի չափից։ «Սահմանվում են հետևյալ շեմերը. եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում, ապա բնակչության 1 %-ը, եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում, ապա՝ 2 %-ը»-Ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ նախագծով նախատեսվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ այն չի ավարտվում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։

«Նախատեսվում է հնարավորություն տալ ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրն առնվազն 70 %-ով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ: Արդեն սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով»,-հայտնեց նախարարը և նշեց, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական և տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով:

Հովհաննիսյանի ներկայացմամբ, գործընթացը համայնքներում սկսվում է նախորդ բյուջետային տարվա ընթացքում, իսկ սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մինչ մարտի 1-ը, ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն:

Նա նաև տեղեկացրեց,որ մասնակցային բյուջետավորում 2024 թվականին իրականացվել են 4 համայնքում, 2025 թ-ին՝ 52 համայնքում, առաջին տարում եղել է 17 առաջարկ, երկրորդում՝ 178 առաջարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը մեծ բնակչություն ունեցող բնակավայրի բնակիչներին արգելեց երկու անգամ քվեարկել իր բնակավայրի մասնակցային բյուջետային ծրագրին