Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների միջազգային փորձաքննությունների վերաբերյալ ՔԿ հայտարարությունը տարօրինակ է. Ա. Բաբայան
Իրավունք
12:28 20/02/2026
Հայաստան

Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների միջազգային փորձաքննությունների վերաբերյալ ՔԿ հայտարարությունը տարօրինակ է. Ա. Բաբայան

«Երեք երկրներից ստացել ենք տեսագրությունների միջազգային փորձաքննությունների արդյունքները, էլի երկրներ կան, որտեղից սպասում ենք եզրակացությունների, բայց երեքը բավարար են, որպեսզի խոսենք այդ մասին»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականին վերագրվող վարկաբեկիչ տեսագրություններին։

Փաստաբանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները. երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Անդրադառնալով այս հայտարարությունից հետո ՔԿ այն մեկնաբանությանը, թե այդ միջազգային փորձաքննությունների եզրակացություններն ապացուցողական բնույթի նշանակություն չունեն, Բաբայանն այն որակեց տարօրինակ ու շատ զարմանալի։

«ՔԿ-ն մի բան էլ խոսեց այն մասին, թե իբր իրենց կողմից նշանակած փորձաքննությամբ հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ առկա մարդը Արշակ Սրբազանն է։ Նախ շատ զարմանալի է, թե ինչու ՔԿ-ում չգիտեն, որ փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ; Ասել Քրեական դատավարության օրենսգրքից դուրս իրականացրած փորձաքննություն, ինձ համար անհասկանալի է»,-ասաց Բաբայանն ու ընդգծեց, որ իրենք այդ փորձաքննությունները չեն իրականացրել, որ քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնեն։

Փաստաբանը հիշեցրեց, որ վարույթի շրջանակում թեև Արշակ Սրբազանն ունի վկայի կարգավաիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակում է։

«Առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող՝ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով հարուցված վարույթով։  Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքն առնչություն չունի տեսագրության ու դրա իրողությունների հետ, հետևաբար չի կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքը խախտելու առումով»,-ներկայացրեց Բաբայանը՝ ավելացնելով, որ գործի քննության ուղղությունը պետք է լինի Արշակ Սրբազանի անունն արատավորելը, ատելություն սերմանել նրա ու եկեղեցու նկատմամբ, հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքն ու դրա տարածումը։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դատավորը Արշակ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Փետրվարի 3-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս երկու ամսով երկարացրեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը։ Ի դեպ նույն դատավորը երեկ երկու ամսով երկարաձգեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ, Սրբազան պայքարի հիմնադիր Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը;

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների միջազգային փորձաքննությունների վերաբերյալ ՔԿ հայտարարությունը տարօրինակ է. Ա. Բաբայան