Դպրոցը հանեցիր համայնքից, համայնքը դատարկվում է. Ատոմ Մխիթարյանը՝ 229 դպրոցների փակման մասին
Կրթություն, գիտություն
15:58 20/02/2026
Հայաստան

Դպրոցը հանեցիր համայնքից, համայնքը դատարկվում է. Ատոմ Մխիթարյանը՝ 229 դպրոցների փակման մասին

«Դպրոցները, որոնք հատկապես բարձրլեռնային, սահմանամերձ  բնակավայրերում են, համայնքաստեղծ նշանակություն ունեն։ Դպրոցի շուրջ ձևավորվում է հենց համայնքը։ Դպրոցը հանեցիր համայնքից, համայնքը փուլ է գալիս, դատարկվում է»,- Ազգային կրթության խորհրդի  կողմից կազմակերպված «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» խորագրով հանրային զեկույց-աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով 2026 թվականի սեպտեմբերից ՀՀ փոքր բնակավայրերում 229 դպրոցների փակման մասին։

Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, որը ենթադրում էր մինչև 2026 թվականը կառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց։

«2025 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ  ծրագիրն իրակացվել է ընդամենը 20 տոկոսով, այսինքն պատրաստ է 60 դպրոց։ Փոխարենը դրանից 4-5 անգամ ավելի շատ դպրոց են փակելու։ Այդ դպրոցները հատկապես սահմանապահ գյուղերում են գտնվում։ Իսկ եթե դպրոցները փակում ենք, նշանակում է՝ դպրոցի երեխաների ծնողներն իրենց երեխաների հետևից գնալու են այնտեղ, որտեղ դպրոց կա՝  խոշոր բնակավայրեր, հիմնականում մարզկենտրոններ, Երևան, ավելի վատ՝ եթե Հայաստանից դուրս  գնան»,- ասաց Ա.Մխիթարյանը։

Հարցին՝ արդյո՞ք հատուկ միտումով է դա արվում, նա պատասխանեց. «Սկզբից մտածում էինք գուցե և չէ, բայց քայլերի հաջորդականությունը բերում է  այն մտայնության, որ, ամենայն հավականությամբ, որոշակի միտում կա։ Քաղաքականության սլակներն ուղղված են նրան, որպեսզի, կարծես թե, բյուջետային միջոցները կարողանանք խնայել։ Խնայելու ենք փոքր միջոցներ, բայց չենք մտածում, որ փոխարենը կորցնելու ենք շատ ավելին՝ մեր  երեխաների ապագան, իսկ դա նշանակում է՝ մեր երկրի ապագան»։

Նա նշեց, որ այս որոշումները կայացվում են ամենաբարձր մակարդակով՝ առանց հաշվի առնելու տվյալ համայնքների բնակիչների, ՏԻՄ ներկայացուցիչների կարծիքը։

Հարցին՝ իշխանությունները ձգտում են  այդ բնակավայրեր դատարկե՞լ, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Նախկին պատմությունը ցույց է տալիս՝ եթե դպրոցը, որը շատ բնակավայրերում միակ գործող կառույցն է, հանում ես համյանքից, համայնքը տարիների հետո ուղղակի դատարկվում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դպրոցը հանեցիր համայնքից, համայնքը դատարկվում է. Ատոմ Մխիթարյանը՝ 229 դպրոցների փակման մասին