Լրագրողուհին ռեպորտաժը պատրաստել է խմած վիճակում
Աշխարհում
16:38 20/02/2026
Աշխարհ

Լրագրողուհին ռեպորտաժը պատրաստել է խմած վիճակում

Ավստրալացի հայտնի հեռուստալրագրող Դանիկա Մեյսոնը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Իտալիայում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերից լուսաբանելիս հարբած վիճակում եթեր դուրս գալու համար։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և ազգային բանավեճ է առաջացրել Ավստրալիայում, որին միացել է նույնիսկ երկրի վարչապետը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Մեյսոնը չորեքշաբթի առավոտյան (այդ ժամանակ Միլանում դեռ երեկո էր) հայտնվել է Channel Nine-ի Today շոուում։ Նա ակնհայտորեն դժվարանում էր արտասանել իր խոսքերը՝ անընդհատ ժպտալով և բառերը շփոթելով։

«Դե, սուրճի գինը այստեղ իրականում բավականին նորմալ է, բայց մենք պետք է սովորենք սուրճի գնին ԱՄՆ-ում», -ասել է նա։ «Ես չգիտեմ իգուանաների մասին, թե ինչ է պատահել նրանց հետ (այս կենդանիների մասին նախկինում խոսել էին BBC հեռուստաշոուի հաղորդավարները եթերում)»։

Այնուհետև նա, տատանվելով և Մեծ Բրիտանիան շփոթելով ԱՄՆ-ի հետ, խոսել ավստրալական սպորտային նորությունների մասին։ Նրա ռեպորտաժի ժամանակ ստուդիայում ծիծաղ էր լսվում։

«Ցրտաշունչ եղանակը, անշուշտ, ինչ-որ յուրահատուկ բան է», - մեկնաբանել է հաղորդավար Կարլ Ստեֆանովիչը նրա արտաքին տեսքը: «Իմ շուրթերը պարզապես սառչում են»:

Մեյսոնի ձայնագրությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում՝ առաջացնելով երկրի բնակիչների աշխույժ մեկնաբանություններ:

«Նա հիանալի է, դրանում ոչ մի վատ բան չկա: Ակնհայտ է, որ նա շատ է զվարճանում», - X-ում գրել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը:

«Նրան պետք է անմիջապես ազատել աշխատանքից: Սա բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ է», - գրել է մեկ այլ օգտատեր:

Նույնիսկ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն է միացել բանավեճին: «Ես Դանիկայի կողմնակիցն եմ։ Նա հիանալի է, հիմա Իտալիայում է... և հավանաբար պարզապես հոգնած է: Ժամային տարբերությունը զգալի է, ուստի հավանաբար դա է ազդել նրա վրա»:

Այնուամենայնիվ, հինգշաբթի առավոտյան Մեյսոնը վերադարձել է եթեր և խոստովանեց, որ հոգնածությունը միակ խնդիրը չէր:

«Ես դրա համար կրում եմ ամբողջ պատասխանատվությունը։Իմ վարքագիծը անընդունելի էր», - ասել է նա՝ հավելելով, որ ամաչում է տեղի ունեցածի համար։

Սպորտային հերթական լուրերից հետո նա հարցրեց, թե կարո՞ղ է ներողություն խնդրել և շնորհակալություն հայտնեց այն հեռուստադիտողներին, ովքեր անհանգստացած էին իր համար։

«Ես լավ եմ, պարզապես մի փոքր ամաչում եմ։ Տեսնո՞ւմ եք, ես պարզապես լիովին սխալ եմ գնահատել իրավիճակը։ Ես չպետք է խմեի, հատկապես այս պայմաններում։ Այստեղ ցուրտ է, մենք բարձրության վրա ենք, և ես նույնիսկ չէի ընթրել դեռ, այնպես որ դա նույնպես չօգնեց։ Հետևաբար, ինչպես ասացի, խորապես ներողություն եմ խնդրում և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրել են ինձ»։

«Այսօր» հաղորդման հաղորդավարուհի Ջենի Ազոպարդին արձագանքել է. «Մենք գիտենք, թե որքան լավն ես դու, Դանիկա»։

Դանիկա Մեյսոնը Ավստրալիայի ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկն է, որը, ի թիվս այլ հաղորդումների, լուսաբանում է երկրում չափազանց հեղինակավոր ռեգբիի խաղերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder