«Հրապարակ». Ինչու են պարգևավճարները բաժանվել խիստ անհամաչափ
Օրվա մամուլ
08:30 20/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են պարգևավճարները բաժանվել խիստ անհամաչափ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգևավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։ Պարգևավճարներն իբրև թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարևորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում:

Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։ Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգևավճարները բաշխելիս իրենք և իրենց յուրայինները փող ստանան: Ամսվա վերջում Մալբրի համակարգում կատարողական է կազմվում, և տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարություն է ավարտին հասցրել, և ըստ այդմ էլ բաժանվում է հավելավճարը՝ ինչ-որ գործակիցներից ելնելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder