Մկրտիչ Սրբազանի գործում ներառված չեն քահանաների հարցաքննությունների, «տուժողների» հետ առերեսումների արձանագրությունները. Փաստաբան
Իրավունք
16:29 20/02/2026
Հայաստան

Մկրտիչ Սրբազանի գործում ներառված չեն քահանաների հարցաքննությունների, «տուժողների» հետ առերեսումների արձանագրությունները. Փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստում դատավոր Դավիթ Դաբաղյանը հայտարարեց, այսօր լսելու են ապացույցների հետազոտան ծավալի վերաբերյալ առաջարկներ։ Մեղադրող դատախազն ասաց՝ առաջարկում է հետազոտել վարույթի հիմքում ընկած ապացույցները, հարցաքննել տուժողներին, ապա մեղադրյալներին։

Այս գործով տուժող են ճանաչված կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ստեփանյանն ու Արամայիս Թախմազյանը։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդը 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերտ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ նախկինում Տեր Արամ քահանային և Տեր Թադե քահանային ինչպես նաև այլ հոգևորականների, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին։

Բացի այդ նույն թեմի դիվանապետ Արմեն Արսենյանի օժանդակությամբ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով, շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին։

Պաշտպան Պետրոս Պետրոսյանն առաջարկեց ապացույցների հետազոտումը պետք է սկսել տուժողների առաջնահերթ հացաքննությունից, քանի որ վարույթի հիմքում նրանց հաղորդումն է։

Պաշտպան Արա Զոհրաբյանը նշեց, որ այս գործը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ թեմի շատ քահանաներ բերման ենթարկվեցին ՔԿ, մի քանի քահանաների տեղն էլ տևական ժամանակ անհայտ էր, նրանց գտնվելու մասին տեղեկացել են ՄԻՊ-ից։

Զոհրաբյանն ասաց՝ պահանջում են թեմի առաջնորդների հարցաքննությունների, տուժողների հետ առերեսումների արձանագրությունները, տեսաձայնագրություննը, որոնք այս գործում ներառված չեն։

«Այն, որ ադ ապացույցներն իմ վստահորդի օգտին են, այն, որ այդ ապացույցները դիտավորյալ այս գործում ներառված չեն, փաստ է»,-ասաց Զոհրաբյանն ու միջնորդեց, որ դրանք ներառվեն գործում, քանի որ ռեսուրս է ծախսվել, քննիչին ախատավարձ է տվել, որ նա հարցաքննություն է իրականանի, առերեսում անի, հետո դրանք տեղափոխի դատավորի սեղանին։

Նա հիշեցրեց, որ Քրեական օրենսգիրքը քրեական վարույթից ապացույց թաքցնելը  որակում է որպես հանցագործություն։ 

Դատավորը բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ ՔԿ-ից պահանջելով գործին վերաբերելի ապացույցները։
Պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատավորը թույլ տա Սրբազանին կիրակի օրերին, եկեղեցական տոներին մասնակցել սուրբ և անմահ պատարագներին, ինչպես նաև, թույլ տալ, որ Սրբազանին այցելեն եղբորդ որդիներն ու կինը, թույլ տալ, որ Սրբազանն այցելի  ատամնաբուժարան; Մեղադրողը դեմ էր միջնորդությանը՝ այն գնահատելով, որպես խափանման միջոցի փոփոխություն։ Դատախազի գնահատմամբ սա կլինի Սրբազանի նկատմամբ վարչական վերահսկողության սահմանում։ Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված է տնային կալանք։

Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի, թույլ տվեց, որ ուղեկցողների ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանն այցելի ատամնաբույժի, իսկ մյուս միջնորդություններին կանդրադառնա հաջորդ նիստին։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 17-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մկրտիչ Սրբազանի գործում ներառված չեն քահանաների հարցաքննությունների, «տուժողների» հետ առերեսումների արձանագրությունները. Փաստաբան