Թրամպի հայտարարության հետևանքները. Հայկական ժողովրդավարության ու իրավունքի «ասպետների» համար իսկապես բարդ իրավիճակ է
Քաղաքական
10:23 21/02/2026
Աշխարհ

Թրամպի հայտարարության հետևանքները. Հայկական ժողովրդավարության ու իրավունքի «ասպետների» համար իսկապես բարդ իրավիճակ է

 «Ես կարող եմ անել ամեն ինչ, ինչ ցանկանամ, կարող եմ ավերել ցանկացած երկիր։ Այլ երկրները տարիներ շարունակ թալանել են մեզ, և նրանք հիացած են մաքսատուրքերի չեղարկմամբ։ Նրանք պարում են փողոցներում, բայց վստահեցնում եմ ձեզ՝ նրանց երկար չի մնացել պարելու»: Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունն է, որ նա արել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման առնչությամբ:

«Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Թրամպը չեղարկելու՞ է Գերագույն դատարանը, թե՞ գնալու է գործողությունների, որոնք ըստ էության կքանդեն ԱՄՆ ներկայիս դատական համակարգը: Այն, որ Թրամպը քանդում է համակարգեր, ակնառու է: Բայց, նա քանդում է միջազգային հարաբերությունների համակարգը, որն առանց այդ էլ ճգնաժամի մեջ էր տարբեր խորքային պատճառներով»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու մանրամասնում.

«Բայց, այստեղ թերեւս ամենաէական պահն է: Միջազգային հարաբերությունների համակարգի ճգնաժամի հասունացման ամենախորքային պատճառներից մեկը Միացյալ Նահանգների ներքին ֆինանսատնտեսական համակարգում հասունացող ճգնաժամն է: Ճգնաժամ, որը պայմանավորված է Նահանգների պետական պարտքի անասելի աճով՝ տնտեսությունից ավելի արագ: Ըստ էության, Նահանգները դարձել է պետություն, որն ապրում է պարտքով: Այդպիսի պետությունները կանգնում են այլընտրանքի առաջ՝ կամ իրենք են կործանվում, քայքայվում, հայտնվում խորը ճգնաժամում, կամ պետք է ճգնաժամ ստեղծեն իրենց շուրջ: 

Սա է բնորոշում վերջին տարիների ամմերիկյան քաղաքականությունը, եւ ոչ միայն Թրամպինը: Նույն քաղաքականությունը այլ սոուսներով իրականացնում էր նաեւ Բայդենը, իսկ դրանից առաջ էլ նաեւ Օբաման, որը մերձավորարեւելյան փլուզումների «ճարտարապետն» էր:  Բայց, ամբողջ հարցն այն է, որ ինչքան էլ հարակից ճգնաժամերով փորձ արվի մեղմել կամ կառավարել ներքին ճգնաժամային խորացումը, միեւնույն է, բեռը ծանրանում է ավելի, որովհետեւ հնարավոր չէ առավել մեծ հետեւանքներ առաջացնելով զսպել բուն պատճառը անվերջ: Իսկ դա էլ իր հերթին արտահայտվելու է Նահանգներում իշխանության համար պայքարի խորացմամբ:

Ի դեպ, նշեմ, որ գերագույն դատարանը, որը չեղարկել է այլ երկրների նկատմամբ Թրամպի սահմանած մաքսատուրքերը, ԱՄՆ բարձրագույն դատական ատյանն է, ինչպես Հայաստանում Սահմանադրական դատարանը:

Ըստ այդմ կարելի է պատկերացնել, թե ինչ կնշանակի, եթե Նահանգների նախագահը ըստ էության ձեռնմուխ լինի բարձրագույն դատական համակարգի դեմ որեւէ գործընթացի: Մոտավորապես կնշանակի այն, որ ամերիկյան համակարգը իջնում է հայաստանյան համակարգի որակին:  Մինչդեռ, ամերիկյան համակարգի կենսունակության հիմքը եղել է հենց դատական համակարգը:  Ու սա ըստ էության աքսիոմատիկ է՝ որ, եթե չկա անկախ  դատական համակարգ, չի կարող լինել ժողովրդավարական համակարգ ընդհանրապես:

Սա ըստ էության ստեղծում է շատ ուշագրավ նախադեպ: Հենց սա է դատական համակարգի ապամոնտաժումը, որ իրականացնում է Թրամպը: Ընդ որում, այս նախադեպը խիստ վտանգավոր է բոլոր այն հասարակությունների համար էլ, որոնք օրինակ իբրեւ իրավունքի ու արդարադատության, դատական անկախ համակարգի ուղենիշ դիտարկել են Միացյալ Նահանգները, համարելով, որ այդ արժեքն առաջնորդող Նահանգները գոնե նվազագույն իմաստով զսպող գործոն են նաեւ այլ երկրների համար, որտեղ քաղաքական իշխանությունը ոտնահարում է դատարանի անկախության սկզբունքը:

Սա նաև շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում հայաստանյան այն շրջանակների համար, որոնք ԱՄՆ ներկայացնում են իբրեւ դեմոկրատիայի, իշխանությունների տարանջատման, անկախ դատական համակարգի, օրենքի եւ իրավունքի բարձրագույն ուղենիշ: Հիմա, ըստ հայաստանյան այդ շրջանակների, Թրա՞մպն է ճիշտ՝ որը մաքսատուրքերը կիրառում է որպես այլ երկրների վրա ազդելու մահակ, բայց ասում է, որ թքած է ունենալու դատարանի որոշման վրա, թե՞ դատարանն է ճիշտ, որն ասում է, որ ԱՄՆ օրենքը թույլ չի տալիս Թրամպին կայացնել մաքսատուրքերի վերաբերյալ այդպիսի որոշումներ եւ պետք չէ թքած ունենալ օրենքի վրա:

Հայկական ժողովրդավարության ու իրավունքի «ասպետների» համար իսկապես բարդ իրավիճակ է, հաշվի առնելով, որ նրանց համար այդ իմաստով «ուղեկցող աստղը» եղել է Միացյալ Նահանգները, եւ ահա՝ հանկարծ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder