Պետք է գնան նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից. Վարուժան Հոկտանյան
Իրավունք
16:54 23/02/2026
Հայաստան

Պետք է գնան նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից. Վարուժան Հոկտանյան

«Հայաստանում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, ուժի մեջ է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որում որպես թիրախ նշված է, որ այս տարի պետք է կոռուպցիայի ընկալման համանիշը հասնի 55-ի»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյան՝ հիշեցնելով որ 2025-ին Հայաստանի նիշը 1-100 սանդղակում 46 է, իսկ լավագունը 100-ն է։

Նկատելով, որ այդ արդյունքին հասնելու համար միայն ընթացիկ տարում պետք է բարելավվի 9 նիշով՝ Հոկտանյանը հայտնեց, որ նախանշաններ չի տեսնում, որ Հայաստանը նման առաջընթաց ապահովի։

Հոկտանյանը տեղեկացեց, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» մոնիթորինգ է անում նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, որը լիարժեք չի կատարվում, որոշ դրույթներ ընդհանրապես չեն կատարվում, և նոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 2018 թվականից հասարակության սպասելիքները չեն իրականացվել։

«Ստեղծվեցին հակակոռուպցիոն մասնագիտացված մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն դատարաններ և ենթադրվում էր, որ այդ ամենը կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ, բայց իրավիճակն էապես չի փոխվել»,-նկատեց փորձագետը։

Արձագանքելով դիտարկմանը, որ իշախանությունները հայտարարում են, թե լուջ չպետք է ընդունել ընկալման 46 համաթիվը՝ Հոկտանյանն ասաց, որ Հայաստանում ընդունվել է Կոռուպցիայի դեմ պայքարի 5 ռազմավարություն և բոլորում էլ որպես թիրախ նշված են ընկալման համաթիվը։

 «Այդ մշակույթն ունենք պետական մարմիններում, որ բոլորը մեղավոր են բացի իրենցից»,-ասաց փորձագետը՝ հավելելով. «Եթե մենք տարանջատում ենք բարձր և բարձրաստիճան կոռուպցիայի պատկերը և քանի որ ընկալումը 50 նիշից ցածր է, ապա այն փոքր մասշտաբի կոռուպցիա չէ, շատ ավելի բարձր է, բայց համակարգային որակելու համար պետք է լուրջ գնահատականներ...

Տենդերներում այդ շահերի բախման խայտառակ դրսևորումները և  նվիրատվությունները՝«Դու ինձ՝ ես քեզ» սկզբունքի աշխատելը, որ դու նվիրատվություն ես անում («Իմ քայլը» հիմնադրամին), ստանում ես մաքսային, հարկային արտոնություն։ Այսինքն այս երևույթները կոռուպցիոն են։

Հոկտանյանը՝ կարևորեց հարցը, թե որքանով իրավապահ մարմիններն անկախ կլինեն այս ամենը հետաքններու հարցում, եթե այդ խնդիրը չի լուծվում՝ մանավանդ տենդերների և այլ ահրցերում, ապա գալիս ենք մի երևույթի, որը համակարգային կոռուպցիայի նախապայմաններից մեկն է։

«Հիմա էլ ես տեսնում եմ քաղաքական և տնտեսական վերնախավի սերտաճումը, որը հենց համակարգային կոռուպցիայի սյուներից մեկն է»,- նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետը՝ հավելելով, որ քաղաքական կոռուպցիայի դրսևորում է նաև պարգևավճարների համակարգը։

Վարուժան Հոկտանյանը բացատրեց, որ նախկինում այն, ինչը ծրարով էին ստանում, հիմա մուծում են պետբյուջե և հետո բացահայտ են ստանում։

Պատասխանելով Panorama.am-ի դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր ստեղծված մարմինները իշխանությունների կողմից օգտագործվում են քաղաքական նպատակներով՝ Հոկտանյանն ասաց.

«Ես, դժբախտաբար, ստիպված եմ համաձայնել... Այստեղ մենք ունենք խնդիր, այն, որ կա սելեկտիվ մոտեցում, նայած, թե ով է դա անում, եթե դա արվում է ոչ իշխանականների կողմից, ապա բավականին խիստ են մոտենում»։

Նա առանձնացրեց նաև կարողությունների խնդիրը՝ կոռուպցիայի մասշտաբները և դրա դեմ պայքարի կարողությունները՝ մասնավորապես շահերի բախման ոլորտի կարգավորման հարցում, քանի որ առակա շահառուների ռեգիստրը լիարժեք ցույց չի տալիս պաշտոնյայի հետ փոխկապակցված մարդկանց։

 Փորձագետը նշեց, որ դրա համար պետք է քաղաքական կամք և շատ այլ գործողություններ։

«Նախկինների ունեցվածքները դիտարկելուց զատ, պետք է գնան նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից»,- հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder