Սահմանափակումները բավականին խիստ են, Նարեկ Սամսոնյանին արգելված է հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ. Աստղիկ Մաթևոսյան
Իրավունք
15:52 23/02/2026
Հայաստան

Սահմանափակումները բավականին խիստ են, Նարեկ Սամսոնյանին արգելված է հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ. Աստղիկ Մաթևոսյան

«Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման,  խոսքի ազատության լռեցման հետ, ինչի մասին արդեն երեք ամիս խոսում ենք։ Նարեկն ու Վազգենն ավելի քան 102 օր անազատության մեջ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործին։

Նա նշեց, որ այս երեք ամսվա ընթացքում թե Նարեկ Սամսոնյանը, թե Վազգեն Սաղաթելյանը բավականին բարդ ճանապարհ են անցել։

 «Բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը, գիտեք, որ հացադուլի միջով է անցել, այնուհետ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել,  անցել է վերականգնողական բուժում, վիրահատվել է։ Այս ամենի մեջ միակ ուրախացնողն այն է, որ այս առողջական խնդիրների պայմաններում Նարեկ Սամսոնյանը կալանքը կկրի ոչ թե բանտային պայմաններում, այլ՝ տանը։

Հակառակ պարագայում ոչ մի ուրախացնող հանգամանք չկա քրեական հանցագործություն չգործած մարդու համար»,- ասաց նա։ 

Ա. Մաթևոսյանի ներկայացմամբ, տնային կալանքի պայմաններում  սահմանափակումները բավականին խիստ են. «Նարեկին արգելված է հաղորդակցվել լրատվամիջոցների հետ, հնարավորություն ունի շփվելու միայն մերձավորների և իր հետ չբնակվող մերձավորների և պաշտպանների հետ։ Եթե չեմ սխալվում, այս կալանքը պահպանվելու է մինչև ապրիլի 10-ը»։

Նա հիշեցրեց, որ այսօր սպասվում է  վազգեն Սաղաթլյենի գործով վերաքննիչ դատարանի որոշումը. «Գոնե Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս փոխվի տնային կալանքով։ Այս մարդիկ քրեական հանցագործությունե չեն գործել, իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդման, դատապարտվում են իրենց քաղաքական խոսքի համար»։ 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։

 Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder