Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեծ Բրիտանիայում մահացած կնոջ արգանդի փոխպատվաստման արդյունքում ծնվել է առաջին երեխան
Մեծ Բրիտանիայում մահացած կնոջից վերցրած արգանդի փոխպատվաստման արդյունքում լույս աշխարհ է եկել առաջին երեխան։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Երեխայի մայրը՝ Գրեյս Բելը լույս աշխարհ է եկել առանց կենսունակ արգանդի։ Նա 30 տարեկանում լույս աշխարհ է բերել որդուն փոխպատվաստված արգանդի միջոցով։ Նա ասում, որ իր որդու՝ արդեն 10 շաբաթական Հյուգոյի ծնունդն ուղղակի հրաշքի է նման։
Բելը և նրա զուգընկեր Սթիվ Փոլն իրենց հարգանքի տուրքն են մատուցել դոնորի և նրա ընտանիքին «բարության ու անձնուրացության», ինչպես նաև իրենց «անհավանական նվերի» համար՝ միաժամանակ շնորհակալություն հայտնել Օքսֆորդի և Լոնդոնի բժշկական թիմերին, ովքեր աջակցել են իրենց այս ընթացքում։
Գործում ներգրավված վիրաբույժները նշել են, որ երեխայի ծնունդը «շրջադարձային պահ էր», այն կարող է հույս տալ նման ախտորոշմամբ շատ կանանց:
Գրեյս Բելը ծնվել է առանց արգանդի, չի ունեցել դաշտան, բայց ուներ նորմալ ձվարաններ։ Այս խնդիրը կոչվում է MRKH համախտանիշ։ 16 տարեկանում նրան ասել էին, որ երբեք իր ներսում չի կարող կրել իր երեխային։
Երեխա ունենալու համար զույգը երկու տարբերակ ուներ, կամ պետք է արգանդի փոխպատվաստում արվեր, կամ պետք է դիմեին փոխնակ մայրության տարբերակին։
Երբ նա հեռախոսազանգ ստացավ, որ արգանդ է նվիրաբերվել և հնարավոր է փոխպատվաստում, Բելը հիշում է, որ շոկի մեջ էր և անասելի հուզված:
«Ես ամեն օր մտածում եմ իմ դոնորի և նրա ընտանիքի մասին, աղոթում եմ նրանց համար, իրենց դուստրն ինձ տվել է կյանքի ամենամեծ նվերը։ Նրա մի մասը հավերժ կապրի», - ասել է Բելը:
Կնոջ արգանդի փոխպատվաստումը տեղի է ունեցել 2024 թվականին, վիրահատությունը տևել է 10 ժամ։
Բելի՝ արգանդի հաջողված փոխպատվաստումը մահացած դոնորից ընդամենը մեկն է այն 10 փոխպատվաստումներից, որոնք տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի կլինիկական հետազոտական փորձարկման շրջանակներում: Երեքն արդեն իրականացվել է, բայց Հյուգոն ծնված առաջին երեխան է։
2025 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կենդանի արգանդի նվիրատվության միջոցով ծնվեց փոքրիկ Էմին: Նրա մայրը 2023 թվականի հունվարին «նվեր է ստացել» իր ավագ քրոջ արգանդը և ենթարկել փոխպատվաստմա; Նրա քույրն արդեն ուներ երկու երեխա: