Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը
Կրթություն, գիտություն
15:30 26/02/2026
Հայաստան

Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում, ս․թ․ փետրվարի 20-ին տեղի է ունեցել «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակը հիմնել է հայազգի մեծանուն գիտնական,  ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։

«OGANESSON» 2025 թվականի մրցանակի չորս դափնեկիրներից մեկն է մեր հայրենակից, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը։

ԳԱԱ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակում Ռուբեն Հարությունյանն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հանձնեց «Կայունության կղզի» խորագրով փայտափորագրությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Յուրի Հովհաննիսյանի ծննդավայր Դոնի Ռոստովի բնակիչների անունից։ Փայտափորագրությունը նվիրված է Յուրի Հովհաննիսյանի կողմից Մենդելեևի պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզի» պատմական հայտնագործությանը, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։ Փայտափորագրության հիմքում հայտնի «Scientific American» գիտական ամսագրի մեր հազարամյակի առաջին համարն է, որի շապիկի վրա պատկերված է Յուրի Հովհաննիսյանի հայտնաբերած պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզին», որը սկսվել է 114-րդ տարրով։ Մեծարժեք փայտափորագրությունը պատրաստել է գործարար և անվանի վարպետ Գարրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հարավային մասնաճյուղի գլխավոր գիտաշխատող, հասարակական գործիչ Արարատ Գոմցյանի նախաձեռնությամբ։

Ռուբեն Հարությունյանը Յուրի Հովհաննիսյանին նաև փոխանցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ուղերձը, որում նշված է, որ 2026 թվականից համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հաստատվում է ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ։

«Յուրի Հովհաննիսյանը, ծնվելով Ռոստովում, մեծանալով Երևանում, մասնագիտություն ստանալով Մոսկվայում և վերջին 60 տարիներն ապրելով ու գործելով Դուբնայում, պատկանում է ողջ մարդկությանը։ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը սերտ համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի և մի շարք այլ գիտական հաստատությունների հետ», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder