Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը պարտադրեց ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրել և պահել 6 ամիս
«Սույն որոշման ընդունումը անհրաժեշտ է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակազմ սահմանելու համար»,-կառավարության նիստում հայտնեց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ զեկուցելով կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Փախնախարարի խոսքով՝ Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ կամ առանց վկայագրման ծառայության մատուցման տվյալներ:
Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ թերի մատուցվող ծառայություններով տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի մասին տվյալների ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախագծով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրությունների պահպանման նվազագույն ժամկետ՝ 6 ամիս:
Փոխնախարարի խոսքով՝ որոշմամաբ կներդրվի հանրային ծառայությունների որակի վերահսկողության ավելի լավ համակարգ, ինչպես նաև գազաբալոնների վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական և ոլորտում քաղաքականություն իրականացնող համապատասխան նախարարությունը տեսագրությունների առկայությամբ ստանում է նոր գործիքակազմ՝ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների հայտնաբերման, առկա ռիսկերի նվազեցման, ինչպես նաև անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարության իրականացման հիմքեր ապահովելու համար:
Նա նաև հայտնեց, որ նմանատիպ համակարգ նախկինում ներդրվել էր տեսաձայնագրության և այդ միջոցով վերահսկողության լիազոր մարմնի և տեսչական մարմնի տեխնիկական զննության ոորտում, որն ավելի լավ արդյունքներ էր տվել, քան մինչ այդ գոյություն ունեցողը, և ներդրումից հետո ուսումնասիրության հետևանքով մոտ 2 տասնյակ լիցենզավորված կազմակերպությունների լիցենզիաներ կասեցվել են։
«Այս նույնատեսակ համակարգը ուզում ենք ներդնել նաև գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում»,-ասաց Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ տարեկան տրանսպորտային միջոցի շուրջ 130 հազար գազաբալոն է ստուգվում և մոտ 300 հազար ավտոմեքենա ունի գազաբալոն: