Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չնայած հորդառատ անձրևին, Yandex տաքսու վարորդն ուղևոր կնոջը դպորցական երեխայի հետ ստիպել է իջնել մեքենայից
Այսօր առավոտյան Երևանի բնակիչ կինը յոթամյա որդու հետ հայտնվել է տհաճ ու բարկացնող իրավիճակում Yandex տաքսու վարորդի պատճառով։ Նա իր բողոքն է հայտնել ընկերությանը, ինչպես նաև որոշել է հանրայնացնել դեպքը, որպեսզի մարդիկ ճանաչեն վարորդին, տեղեկանան խնդրին՝ նման «սրիկայությանը» զոհ չդառնալու համար։
«Առավոտյան 7 տարեկան երեխայիս դպրոց տանելու նպատակով Yandex Taxi կանչեցի, նստեցինք։ Երթևեկելուց մոտ 5 րոպե անց, տեսնելով, որ շատ ուժեղ անձրև է գալիս, որոշեցի բացի երեխայի դպրոցի ուղղությունը ավելացնել նաև իմ աշխատավայրի հասցեն, որպեսզի երեխային դպրոցում թողնելուց հետո նույն տաքսիով հասնեմ աշխատավայր»,-Panorama.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը ներկայացրեց կինը։
Ն. Գնդոյանի խոսքով, վարորդը տեսնելով, որ ևս մեկ ուղղություն է ուղևորն ավելացրել, շատ կոպիտ ձևով ասել է, որ իրավունք չուներ ուղղություն ավելացնելու։

«Ասաց՝ չի քշելու։ Ի պատասխան իմ զարմանքի, որ եթե ես իրավունք չունեմ ուղղություն ավելացնելու, ապա ինչու է Yandex-ն իր ծրագրում տալիս այդ հնարավորությունը՝ վարորդը կտրուկ արգելակեց մեքենան Վաղարշյան փողոցի վրա և պահանջեց, որ ես իմ 7 տարեկան երեխայի հետ դուրս գամ մեքենայից։ Ու դա այն դեպքում, որ փողոցում սաստիկ անձրև էր։
Իր պահանջին ի պատասխան ես իրեն հարց տվեցի․
- Այսինքն, Դուք առաջարկում եք ինձ 7 տարեկան երեխայի հետ դուրս գալ մեքենայից և ուժեղ անձրևի տակ մնալ փողոցում այն բանի համար որ ես ուղղությու՞ն եմ ավելացրել։
Պատասխանը եղավ կոպիտ․
- Выходите из машины !
- Вы вообще человек? У Вас совесть есть? – եղավ իմ վրդովված պատասխանը։
Ինչին ի պատասխան վարորդի նորից կոպիտ ձևով կրկնեց, որ իջնենք մեքենայից։ Ես, իհարկե իջա, սակայն իջնելուց առաջ ասացի այն ամենը, ինչ մտածում եմ այդ վարորդի ով լինելու մասին»,-մանրամասնեց կինը։
Տուժած ուղևորի խոսքով, միջադեպից անմիջապես հետո ինքը գրել է Yandex Taxi ծառայությանը, սակայն ստացել է հերթապահ պատասխաններ։
«Իմ պահանջն է, որպեսզի նման սրիկաները, ովքեր կարող են կնոջը 7 տարեկան երեխայի հետ անձրևի տակ թողնել ճանապարհի կեսին, իրավունք չունենան տաքսու ծառայություններ մատուցել։ Ի վերջո, Yandex-ը և նմանատիպ այլ տաքսու ծառայությունները պետք է որոշակի պետական վերահսկողության տիրությում լինեն, այլապես ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները լիովին անպաշտպան են տաքսի ծառայությոքւններ մատուցող ընկերութունների վարորդների կամայականությունների առջև»,-նշում է նա։
Panorama.am-ը դիմել է ընկերությանը պարզաբանում ստանալու համար, այն ստանալուն պես կհրապարակենք։
Ավելի ուշ ուղևոր կինը հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել ընկերության անվտանգության ծառայության պատասխանատուն և հավաստիացրել, որ այդ վարորդն այլևս հնարավորություն չի ունենա պատվերներ ընդունել։