Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո երեկ՝ փետրվարի 27-ին, կրկին հնչել են հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ, լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։
Գրեթե տասնմեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած այդ հանդիսավոր արարողության ընթացքում Սրբազան Քահանայապետը նաև հռչակել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ՝ նրան անվանելով «վարդապետների համաստեղության մեջ փայլող աստղ»։

Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետը՝ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ միասին, օրհնել է Վատիկանի պարտեզում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։
Երեկվա Երեկոյան ժամերգությունը կատարվել է հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակության օրը, որը նույն Ֆրանկիսկոս պապի որոշմամբ 2021 թվականին ընդգրկվել է նաև Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում։
Արարողությանը հաջորդել է պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանի և ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի՝ 2025 թվականի նոյեմբերին լույս տեսած «Նարեկացի» վավերագրական ֆիլմի պրեմիերան Վատիկանի ֆիլմադարանում։

Երեկոյան ժամերգությունը նախագահել է Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցում էին Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման բաժնի քարտուղար արքեպիսկոպոս Ֆլավիո Պաչեն, Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայրերը, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տեսուչը՝ երգչախմբի մասնակցությամբ, Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվներ Ներսես աբեղա Հարությունյանը և Աթանաս աբեղա Սարգսյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլը և այլ քրիստոնյա հարանվանությունների եկեղեցականներ։
Ներկա էին նաև Վատիկանում և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպաններ Բորիս Սահակյանն ու Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և հյուրեր։