Երբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը, որ հարևան երկրներն են դավաճանել Իրանին. Փորձագետ
Քաղաքական
12:19 02/03/2026
Հայաստան

Երբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը, որ հարևան երկրներն են դավաճանել Իրանին. Փորձագետ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ժնևում ԱՄՆ–Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ օդային հարվածներ հասցնելով Թեհրանում մի շարք պետական թիրախների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել և խորտակվել է իրանական ինը ռազմածովային նավ, իսկ մեկ այլ հարձակման ժամանակ մեծապես վնասվել կամ ոչնչացվել է ռազմածովային շտաբը։ Նա նաև նշել է, որ պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ։ Ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հենց Իրանն է որոշելու՝ երբ և ինչպես կավարտվի պատերազմը։

Այս թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանցի փարձագետ Փույա Հոսեինիի հետ։ Նրա ներկայացմամբ, այս պահին Իրանը լիարժեք պաշտպանվում է և յուրաքանչյուր հարձակման տալիս է համարժեք պատասխան։

«Ինչպես տեսնում ենք, գործողությունները բավականին համակարգված են։ Չնայած այն հանգամանքին, որ թիրախավորվել են Իրանի հոգևոր առաջնորդը և բարձրաստիճան ռազմական հրամանատարներ, երկրում ո՛չ խուճապ է նկատվում, ո՛չ ռազմական դադար և ո՛չ էլ որևէ թուլության նշան։ Գործողությունները շարունակվում են ինտենսիվ կերպով՝ հարվածներին հետևում են պատասխան հարվածներ»,- նշեց իրանագետը։

Հոսեինին հավեց, որ սպանություններն ու հարձակումները որևէ էական ազդեցություն չեն ունեցել Իրանի զինված ուժերի մարտունակության վրա, քանի որ նման սցենարները նախապես հաշվարկված և ուսումնասիրված էին։

«Միաժամանակ պատերազմն աստիճանաբար ստանում է տարածաշրջանային բնույթ։ Իրանը հայտարարել է, որ եթե հակամարտությունը դուրս գա երկկողմ կամ եռակողմ ձևաչափից, ապա տարածաշրջանի այն երկրներում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաբազաները, որոնցից իրականացվել են հարձակումներ Իրանի դեմ, կհամարվեն օրինական թիրախներ»,- ընդգծեց նա։

Իրանագետը նաև նշեց, որ Իրանը նախապես զգուշացրել էր հարևան երկրներին՝ թույլ չտան իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Սակայն, ըստ իրանական կողմի, որոշ երկրներ կամ չեն կարողացել, կամ չեն ցանկացել կանխել այդ գործընթացը, ինչն այժմ լուրջ հետևանքների է հանգեցրել։

Խոսքն ամփոփելով՝ իրանցի փորձագետն ասաց, որ պայքարը շարունակվում է։ Իրանական կողմի գնահատմամբ՝ փորձ է արվել համադրել բանակցային գործընթացը ռազմական ճնշման, սպառնալիքների և ուժի ցուցադրության հետ՝ Իրանին զիջումների տանելու նպատակով։ Սակայն երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ որևէ զիջման պատրաստ չէ։

Ք. Սահակյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը, որ հարևան երկրներն են դավաճանել Իրանին. Փորձագետ